Հայաստանում քաղաքական կամ քաղաքացիական տարերային բռնկումները շարունակվում են: Ընդ որում, այդ բռնկումները դուրս են որևէ կառավարման կենտրոնից, և եթե դրանց մի մասը անգամ որոշակի աջակցություն են ստանում որևէ կառույցի կողմից, Հայաստանում հակակառավարական շարժումները մեծամասամբ անկեղծ են և արտացոլում են երկրի քաղաքացիների իրական տրամադրությունները:

 

Ցավալի է, սակայն, որ հասարակական-քաղաքական գերհագեցած քաղաքական օրակարգի պայմաններում Հայաստանի ընդդիմադիր ուժերը շարունակում են գոյատևել քաղաքական գործընթացների լուսանցքում: Թվում էր, թե Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար բավարար քաղաքական նախադրյալներ կան՝ իշխանությունների ձախողումները արտաքին ճակատում, երկրի տնտեսության սրընթաց, աննախադեպ գահավիժումը, առաջիկայում սպասվելիք նոր թանկացումները, գումարած այն մինչև կոկորդը կուշտ վիճակը, որ զգում են հասարակությունը, անգամ բազմաթիվ ներիշխանական գործիչներ իշխող կոալիցիայի նկատմամբ: Հայաստանում լիակատար հեղափոխական իրավիճակ է՝ ներքևները չեն ցանկանում շարունակել այսպես, վերևները չեն կարողանում կառավարել հին ձևով:

 

Շանթ Հարությունյանի կողմից կազմակերպված ակցիան, անկախ իր լրջության աստիճանից, որոշակի բացահայտումներ արեց Հայաստանի քաղաքական դաշտում: Մի մասը ենթատեքստերով, մյուս մասը ուղղակիորեն սկսեցին պաշտպանել փայտով իշխանություն գրավելու՝ ակամայից հրապարակ նետված թեզը: Այս չափազանց մտահոգիչ երևույթը, թվում է, պետք է սթափեցնի իշխանություններին: Նման արկածախնդրության համար Հայաստանը շատ թանկ գին կարող է վճարել, սակայն կուտակված այդպիսի լիցքերը դատարկելու համար իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում: Իսկ այդ քայլերը լույսի պես պարզ են՝ համընդհանուր բարեփոխումներից մինչև արտահերթ ընտրություններ:

 

Իսկ այս պայմաններում, երբ քաղաքական ուժերի փոխհարաբերություններում սոցիալական այս կամ այն խնդրի վերաբերյալ հասարակական փոքրիկ բռնկումները ծառայում են իբրև մանրադրամ' մեծ առևտրի այս կամ այն դրվագը սպասարկելու համար, քաղաքացիական ակտիվը մեծ դերակատարություն է ստանձնում՝ երկրում իրական փոփոխություններ կատարելու համար: Հասարակությունը իր լծակներով' ֆեյսբուքյան հարթակ, այս կամ այն հարցի շուրջ հասարակական համախմբում և այլն, պետք է ձգտի, որ քաղաքացիական ընդվզումը դառնա ապրելակերպ հասարակության բոլոր շերտերի համար' անկախ նրանց քաղաքական, սեռային կամ ռասսայական պատկանելությունից: Հասարակական բողոքի ալիքը պետք է բռնկվի առանց քաղաքական պրոցեսների խմորման, պարզապես հասարակությունը, իր նորմալ գոյատևման գիտակցության համատեքստում, պետք է ընդվզի այն բոլոր կամայականությունների դեմ, որոնք խախտում են ընդհանուր համակեցության կանոնները...

 

Անհրաժեշտ է, որ հասարակության յուրաքանչյուր անդամի մոտ ընդվզումը դառնա կամային հատկանիշ, կենցաղի անբաժանելի մաս: Յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է ձևավորել երկրի տերը լինելու և այդ ճանապարհը բոլորի հետ հարթելու բնավորություն:Նմանատիպ հասարակություններում հենց քաղաքացիներն են թելադրում քաղաքական ուժերի գործողությունների օրակարգը:

 

Հայաստանում, կարծես, նմանատիպ հեռավոր միտումներ նշմարվում են...

 

Վարուժան Բաբաջանյան