Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

 

Առաջադրված թեկնածուների թիվն ի սկզբանե եղել է 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Բարսեղյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական Հայկ Հայկյանը և ինքնառաջադրված Սամվել Գասպարյանը, սակայն վերջինս դուրս եկավ պայքարից՝ ինքաբացարկ հայտնելով:

 

Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված բոլոր քաղաքացիները առավոտյան մինչև ժամը 8.00-ն ներկայացել են տեղամասային կենտրոններ:

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են առաջին ընտրողներին, քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Ընտրական տեղամասերի բացման գործընթացին առնչվող որևէ դիտողություն, ահազանգ ներկայացված չէ:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում իր մահկանացուն էր կնքել Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Նա մահացել էր ներգանգուղեղային կրկնվող նորագոյացության պատճառով: