Երաժիշտ Արթուր Իսպիրյանը galatv.am-ին տված հարցազրույցում խոսել է արտագաղթի մասին, բացատրել այն երեւույթները, որոնք ըստ իրեն ստիպում են ՀՀ քաղաքացուն վերցնել ճամպրուկները եւ հեռանալ հայրենի երկրից:

 

«Ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան... ու ասեմ՝ միայն սոցիալական պատճառով չէ, որ գնում են: Գնում են նաեւ անարդարությունների պատճառով, որովհետեւ հոգնում են, զզվում են: Սովորական դպրոցականն էլ, ով գումարում-հանում անել գիտի, լավ է պատկերացնում, թե արտագաղթի նման տեմպերի պահպանման դեպքում ինչ կմնա մեր երկրից մի քանի տարի հետո:

 

Մենք բոլորս տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում երկրում, եւ ցավալին այն է, որ միջին խավն է հեռանում՝ մարդիկ, ովքեր մասնագիտություն ունեն՝ երաժիշտներից սկսած, վարպետներից վերջացրած, այ այդ մարդիկ լքում են մեզ, եւ ամեն մի գնացողի հետ ես զգում եմ, որ ավելի թուլանում եմ, ավելի մենակ եմ ինձ զգում»:

 

Ա. Իսպիրյանի խոսքերով՝ գնալով սոցիալ-տնտեսական վիճակն ավելի վատանում է, եւ անգամ այն մարդիկ, ովքեր խորշում էին արտագաղթի գաղափարից, նույնիսկ նրանք են հավաքում ճամպրուկները:

 

«Ես իմ անձնական օրինակը բերեմ, մենակ ես իմ մտերիմ բարեկամներից, մտերիմ ընկերական շրջապատից 30 հոգու եմ ճանապարհել... ոչ թե այդքան հոգու, այլ այդքան ընտանիք: Եթե այդ թիվը բազմապատկենք 4-ով, կստանանք 120 մարդ, ով իմ հարազատներից լքել է իմ երկիրը:

 

Էլ չեմ ասում՝ կան մարդիկ, որոնց ուղղակի ճանաչում եմ հեռվից, որ գնացել են ու գնում են: Այդ արտագաղթը ամենաշատն է ինձ խոցում: Երբ տեսնում եմ, որ մարդիկ ընտանիքով, երեխաներով գնում են, ես ինձ այնքան տխուր եմ զգում ու այնքան մենակ:

 

Երբ ԱՄՆ-ից ես տեղափոխվեցի, ես իմ ընկերներին գտա եւ իմ ընկերներով ես սիրեցի իմ հայրենիքը, իսկ նրանք բոլորը լքել են ինձ էլ, հայրենիքն էլ: Եվ ասեմ՝ ամենեւին սոցիալական խնդիրների պատճառով չէ, որ նրանք գնացել են: Իմ մտերիմներից բոլորն էլ ապահովված էին աշխատանքով, աշխատավարձ էին ստանում, եկամուտ ունեին ու իրենց ընտանիքները շատ լավ պահում էին: Պարզապես շատ ու շատ այլ հարցեր կան, որ մարդիկ վիրավորված եւ հուսահատված են՝ տեսնելով անարդարությունների մեծ շարանը, որ կա մեր երկրում, դրանից կախված մարդիկ թողնում ու գնում են իրենց հայրենիքից:

 

Դրա համար ես իրենց էլ եմ ասում, երբ տեսնում եմ, որ էլի ինչ-որ մեկը հավաքում է իր երեխաներին, ես ասում եմ՝ ես ավելի մենակ ու անպաշտպան եմ զգում»:

 

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե հնարավո՞ր է ինքն էլ հեռանա, Ա. Իսպիրյանը պատասխանեց.

 

«Ես չեմ գնա, չեմ փոշմանել, որ եկել եմ, ես լավ եմ զգում ինձ իմ հայրենիքում, կմնամ ու կպայքարեմ, որ իմ աշխատանքով ավելի հույս տամ այն մարդկանց, ովքեր ամբողջովին հույս չունեն»: