Գրում է Aravot.am-ը:

 

Օրեր առաջ անդրադարձել էինք այն հարցին, որ հայ հասարակության շրջանում Մաքսային միության (ՄՄ) անդամակցման վերաբերյալ կատարված երկու տարբեր հարցումներ, որոնք կատարվել են համարյա թե նույն ժամանակահատվածում, տարբեր արդյունքներ էին արտացոլել: Մի դեպքում հասարակության 86 տոկոսն է կողմ արտահայտվել ՀՀ-ի' ՄՄ-ին անդամակցությանը, մյուս դեպքում' 20 տոկոսը:

 

Aravot.am-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց' ինչի՞ արդյունք է կատարվածը և ինչո՞ւ իր ղեկավարած «Սոցիոմետր» կենտրոնը նման հարցում չի կազմակերպում: Պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Դա անգրագետ հետազոտության հետևանք է, նախ պետք է ծանոթանանք մեթոդիկային, ոնց է եղել հարցադրումը, ընտրանքը ոնց է կառուցվել և հարցվողները ինչ մակարդակի են եղել, արդյոք ճիշտ են կատարել ընտրանքի քայլը, տեղաբաշխումը: Նաև այս դեպքերում լրացուցիչ հարց է լինում. հարցվողը ունի՞ ազգական ՌԴ-ում, կամ Եվրոպայում, որ իմանանք որքանով է այդ ազգակցական կապը ազդում իր մոտեցման վրա»:

 

Մենք 1989-ից սկսել ենք հարցումները, ու այդ ժամանակվանից ի վեր հայերը փորձում էին պահպանել կապերը ՌԴ-ի հետ: Ուզում էին մնալ ԽՍՀՄ կազմում, քանի որ հասկանում էին, որ նրանց շնորհիվ աշխատանք ունեին: Երբ փլուզումից հետո գործարանները փակվեցին, իրականում հասկացան, որ միայն ՌԴ-ն կարող է նրանց գործ ապահովել: Ուստի մինչև այժմ էլ հանրության կողմնորոշումը եղել է ՌԴ-ի կողմը»: Պարոն Ադիբեկյանը խոսեց նաև իր պատվիրատուներից ու պատասխանելով հարցին' ՄՄ-ի անդամակցության հետ կապված հարցման պատվեր չունե՞ն, ասաց. «Մեր առաջին պատվիրատուները եղել են կոմունիստները, անկախ հիմնադրամներ, ՀՅԴ-ն, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը: Տվյալ պահին Մաքսային միության անդամակցության հետ կապված հարցման պատվեր չունենք»:

 

Պարոն Ադիբեկյանը նշեց նաև, որ իրենք հարցումներ են կատարել նաև հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված և այլն: Այսպիսով, Ահարոն Ադիբեկյանը վստահեցնում է, որ «մենք պետք է իմանանք իրողությունը, որ հարցումների արդյունքները համահունչ լինեն ժողովրդի կարծիքին: Այնուհետև շարունակեց. «Երբ հայտարարեցինք, որ հանրության մեծամասնությունը կողմ է ՄՄ-ին ու ասացինք, որ ցույցեր չեն լինի, այդպես էլ եղավ: Հանրության շատ փոքր մասը, որոնք կողմնորոշված էին դեպի եվրոպական արժեքներ, ընդամենը նրանք ինչ-որ բան փորձեցին անել, բայց զանգվածային ալիք չեղավ: Այս հարցում խնդիրը ոչ թե խիստ գաղափարական կամ արժեքային է, կամ մարդիկ համակարգերից ելնելով են նման կարծիք հայտնում, այլ իրենց կեցությունից ելնելով»: