ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն, այսօր Ազգային ժողվում ընթացող Բյուջե-2014 թ. քննարկումների ժամանակ, խոսեց այն մասին, որ «Հայաստանը դատարկվում է, իսկ Հայաստանում մնացածների ճնշող մեծամասնությունը վարկերով է հացի խնդիր լուծում»: Նաեւ ասաց, որ ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են վարկերով ապրում, այլեւ՝ ամբողջ երկիրը: «Հայաստանը սկսել է վարկերով ապրելու քաղաքականություն», – ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, նշելով, որ կառավարությունը անընդհատ նոր վարկեր է վերցնում՝ հին վարկերը փակելու համար, ինչի արդյունքում մեր պետական պարտքը գնալով աճում է, եւ արդեն հասել է 5 մլրդ դոլարի:

 

Երեկվա միջադեպը նկատի ունենալով, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի երկարաշունչ հարցին այն մասին, որ կառավարությունը ինչ-որ կառավարական շենքեր նորոգելու եւ վարագույրներ գնելու համար գումարներ է հատկացնում, սակայն մերժում է գյուղական մանկապարտեզներին գումարներ տրամադրել, կկատարի՞ փոփոխություն բյուջեում, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարճ պատասխանել էր «ոչ»՝ պարոն Բաբայանն ասաց, որ կառավարությունը ծաղրում է հասարակությանը, ավելացնում է անհեթեթ հատկացումները, սակայն կարեւոր բաների համար գումարներ չունի: Որպես օրինակ նա բերեց գյուղական խորհրդատվությունների համար հատկացված 346 մլն դրամը, որը 100 մլն դրամով ավելին է, քան նախորդ տարի նույն նպատակի համար հատկացված գումարը, եւ հարցրեց, թե ո՞ւմ օգուտ տվեցին այդ խորհրդատվությունները եւ ընդհանրապես ո՞ւմ էին խորհուրդ տալիս այդ գումարներով: