«Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին,Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին'Ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վերահսկիչ շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2013թ. դատավճռի. Իմ սիրելի որդու' 47-ամյա Արա Հունանյանի կրկնակի մարդասպան Սերգո Երեմյանը և իր «չբացահայտված» ընկերները դաժանաբար տանջամահ են արել որդուս, մարմինը մասնատել են կացնով, սղոցով, դանակով, ջնջխել են գլուխը և դեմքը, զրկել են կյանքից, մարմնի մասերն առանձին լցրել են մարդասպան Երեմյանի տան հետևի մասում փորված փոսում' հետագա օրերին մաս-մաս ոչնչացնելու համար։ Նախաքննության ժամանակ գործը' ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 5-րդ և 10-րդ կետերով որակավորված, ուղակվել է առաջին ատյանի դատարան։ Դատաքննությունը շատ հապճեպ կատարվեց։ Դատարանը հաշվի չառավ այն հանգամանքը, որ մարդասպանը երկրորդ անգամ է մարդ սպանում, նրան որակավորված հոդվածը դատավոր Ա. Վարդանյանը փոխեց, նրան դատապարտեց 104 հդ. 1-ին մասով' 14 տարի ազատազրկում, կարծես դատավոր Ա. Վարդանյանն ավելի գրագետ էր, քան ամբողջ Մալաթիա-Սեբաստիա համայնքի քննչական և դատախազական կոլեկտիվը, որոնք այդ մարդասպանին դատապարտել էին 104 հոդվածի 2-րդ մասի 5 և 10 կետերով' ցմահ բանտարկություն։ Մի ծանր էպիզոդ այդ գործում։ Մարդակեր Ս. Երեմյանը պատմեց, որ' Արայիկին այդ վիճակում թողեցի գետնին ընկած, դուրս եկա ծխելու, երբ 2 ժամ հետո վերադարձա տուն' Արայիկը դեռ ծանր շնչում էր։ Այսինքն' որդուս տանջամահ է արել, այդքանից հետո մարդը որքան դաժան պետք է լինի, որ օգնություն ցույց չտա, գուցե օգներ' տղաս հիմա կենդանի կլիներ։ 15 տարի առաջ այս նույն անհոգի մարդասպանը կյանքից զրկել է 20 տարեկան տղայի։ Տղայիս մենակ չի սպանել, այլ եղել են 5-6 հոգի, որոնք ի հայտ չեկան' շնորհիվ քննչական մարմինների և դատավոր Ա. Վարդանյանի։ Այս մարդուկներին հարկավոր է ցմահ մեկուսացնել հասարակությունից, որ նույն ողբերգությունը չկրկնվի մեկ այլ ընտանիքում։ Սպանվածի հայր' ՀԱՅԿ ՀՈՒՆԱՆՅԱՆ Երևան, Կուրղինյան 3, բն. 59 Հեռ.' 77-27-12, 077-22-32-03»: