«Հայաստանում մեծ թիվ են կազմում այն դպրոցները, որտեղ աշակերտական համակազմը շատ փոքր է, կրթության կազմակերպման նոր մեթոդների կարիք կա. մենք նման դպրոցներում կրթության կազմակերպման նոր ձևերի կիրառման կարիք ունենք»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

Վերջինիս խոսքերով՝ նախարարությունը փորձում է զերծ մնալ դպրոցների «խոշորացումից», բայց մեկ կամ հինգ աշակերտի համար դպրոց պահելը դժվար է:

 

Նախարարը նշեց, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է այդ դպրոցներում բացել նախակրթարաններ, փորձել կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունը, վիրտուալ կամ էլեկտրոնային կրթության հնարավորությունը, որ դասերը լինեն օնլայն և ծախսերի առումով' ավելի մատչելի: «Ոչ բոլոր համայնքներում է դա հաջողվել կամ հաջողվելու, դա բացասական երևույթ է, որի մեղքը մերը չէ»,-ասաց Աշոտյանը:

 

Երկրորդ խնդիրը, ըստ ԿԳ նախարարի, աշխատուժի ավելցուկն է:

 

«Պետական բյուջեով որևէ կրճատում կրթության ոլորտի հաստիքների չի կատարվել: Երբ ասում են, որ ուսուցիչները չեն ստանում իրենց միջին աշխատավարձը, պետք է հաշվի առնել, որ քիչ են այն դպրոցները, որտեղ ուսուցիչներն ամբողջական դրույքով են աշխատում: Հիմնական առաքելությունը ոչ թե աշխատատեղ ստեղծելն է, այլ' կրթության որակը»,-ասաց նախարարը:

 

Վերջինս ներկայացրեց նաև երրորդ խնդիրը, որը դպրոցների շենքերն են. 1 միլիարդ դոլարին համարժեք գումար է հարկավոր դպրոցների վերանորոգման և վերազինման համար: Այդ գումարը, ըստ նախարարի, միայն պետական բյուջեով ապահովել հնարավոր չէ:

 

Խոսելով դպրոցներում տեղի ունեցող դրամահավաքության մասին' Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը չի եղել որևէ երկրում, որտեղ գումար չի հավաքվում, անգամ' Եվրամիության անդամ երկրներում: «Սակայն դա արվում է շատ ավելի նորմալ ու քաղաքակիրթ եղանակով' ծնողական հանրույթի որոշմամբ. ուրիշ բան, որ Հայաստանում այս պրոցեսը կրում է հրահանգային բնույթ, բայց սա փորք հարց է, և դաշտը կարգավորված է: Ապօրինի դրամահավաքն է արգելված, բայց ոչ թե դրամահավաքը: Այսօր թատրոնների տնօրենները մեզանից դժգոհ են, քանի որ թույլ չենք տալիս, որ դպրոցներում տոմս վաճառվի»,-ասաց Արմեն Աշոտյանը: