Այս օրերին մամուլում ամենաշրջանառվող թեմաներից է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ նոյեմբերի 18-ին Լատինական Ամերիկա կատարելիք պաշտոնական այցը:
Պաշտոնական այցն առավել շատ քննարկվեց այն պատճառով, որ ինչպես մամուլում եղան հրապարակումներ, ՀՀԿ խմբակցության կանայք վեճի էին բռնվել՝ թե իրենցից ով պետք է ուղեկցի ԱԺ նախագահին:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Գոհար Պողոսյանը նշեց, որ խորհրդարանի ղեկավարին պաշտոնական այցի ընթացքում կուղեկցեն ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Արտակ Դավթյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Հեղինե Բիշարյանը(ՕԵԿ), Մարգարիտ Եսայանը(ՀՀԿ), Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Ռուզաննա Մուրադյանը (ՀՀԿ), Ռուբիկ Հակոբյանը (Ժառանգություն), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ):
Մեր հարցին, թե ո՞վ է որոշում պատվիրակության կազմը, Գ. Պողոսյանը պատասխանեց. «ԱԺ նախագահն է որոշում իրեն ուղեկցող պատվիրակության կազմը: Պատվիրակության ձևավորման սկզբունքը որոշվում է՝ հաշվի առնելով այցի օրակարգային հարցերը և հանդիպումները: Պատվիրակության կազմում ապահովվում է նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացվածությունը: Իսկ ԱԺ նախագահի հանդիպումների մասին մեր վարչությունը պատշաճ կերպով կտեղեկացնի լրատվամիջոցներին»: