«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովա փողոցում գտնվող Նաիրիի մասնաճյուղի դիմաց:

 

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:

 

Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։

 

2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։

 

Այս պահին բնակիչներից մի քանիսին ընդունել է «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղի կառավարիչը:

 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Տոնուսի» խաբված բնակատերերը հանդիպում էին ունեցել բանկի կառավարչի հետ: Նրանք իրենց ուժերի գերլարումով և խնդիրը վերջնականապես լուծելու համար առաջարկել էին բանկին խնդրի լուծման իրենց տարբերակը. վերջիններս պատրաստ են վճարել բնակարանի համար արդեն իսկ վճարված գումարից ավելին' քառակուսի մետրի համար 50 դոլար:

 

Բանկը խոստացել էր պատասխանել բնակիչների առաջարկին: