Մոսկվան հույսեր է կապում նոյեմբերի 19-ին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայանալիք հանդիպման հետ: Այս մասին, «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

Նրա խոսքերով, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի արտգործնախարար, ինքը հույսեր է կապում նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպման հետ, քանզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումից 2 տարի է անցել:

 

«Նախագահների անմիջական շփումները առանցքային նշանակություն ունեն այն մթնոլորտի վերականգնման համար, ինչը պահանջվում է բանակցությունների շարունակման, փոխադարձ ընդունելի համաձայնության փնտրման հարցում»,- նշել է Ս. Լավրովը:

 

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը, համանախագահ մյուս երկրների հետ միասին, հավատարիմ է համանախագահ երկրների ղեկավարների՝ ԼՂ հարցով տարածած հայտարարություններին, ընդգծելով, որ այդ հայտարարություններում շեշտվում էր հատկապես այն, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: