«Կապիտալ ասեթ մենեջմենթ» ընկերությունը, որն արդեն Կենտրոնական բանկից ներդրումային հիմնադրամի և կամավոր կենսաթոշակային հիմնադրամի կառավարչի լիցենզիա ունի, կուտակային կենսթոշակային համակարգի կամավոր բաղադրիչին վերաբերող տվյալներ ունի, որոնցից պարզ է դառնում, որ հասարակությունը հակված չէ կամավոր կերպով կուտակումներ անել կենսաթոշակի համար:

 

Այսպես՝ ընթացիկ տարվա հունիսից կենսաթոշակային հիմնադրամին գումար է փոխանցել 427 անձ, որոնցից 22-ը՝ անձնական, իսկ մնացած 422 –ը՝ գործատուների սխեմայով:

 

Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր հիմնական եզրակացությունն այս վիճակագրությունից. «Մարդիկ հակված չեն ժամանակից շուտ մտածել իրենց ապագայի մասին, ինչն ի սկզբանե սպասվում էր, ուստի օրենսդրության մեջ ավելի մեծ ուշադրություն դարձվեց գործատուի սխեմաներին: Դրա համար էլ գործատուների համար հարկային արտոնություններ սահմանվեցին»:

 

Ինչ վերաբերում է այն 22-ին, ովքեր անձնական նախաձեռնությամբ են մտածել իրենց վաղվա օրվա մասին, ապա, ըստ Հայկ Ոսկանյանի, նրանց տարիքային-սեռային կազմում որևէ հատուկ միտում չկա՝ որոշակի եզրահանգումներ ու ընդհանրացումներ անելու համար:

 

Հայկ Ոսկանյանը հավելեց, որ կենսաթոշակի հարցում մարդիկ «կարճատես են» ողջ աշխարհում, այսինքն՝ այսօրվա սպառումը գերադասում են վաղվա սպառումից:

 

Սակայն նա նշեց, որ եթե Հայաստանում շատ են սիրում խոսել Եվրոպական կենսաթոշակային համակարգի մասին, ապա պետք է նկատի ունենան, որ այնտեղ ևս գործում է «պարտադիր» բաղադրիչը:

 

«Այսինքն՝ նրանք իրենց կենսաթոշակների 30 -40 տոկոսն ստանում են գործատուի առաջարկած կենսաթոշակով: Նմանատիպ սխեմա է, որը մեզ մոտ է սպասվում է»,-ասաց Հայկ Ոսկանյանը:

 

Մինչ օրս կուտակված ակտիվների ծավալը կազմում է վեց միլիոն դրամ: