Այսօր՝ նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի նոր լսարանի հանդիսավոր բացումը: Նոր լսարանը անվանակոչվել է ԵՊՀ ուսանող, զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի անունով:

 

Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանը:

 

Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց նիստ, որի ժամանակ ողջույնի և շնորհակալական խոսքերով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը: Արթուր Մկրտիչյանը իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամին, ում հովանավորությամբ էլ վերանորոգվել էր լսարանը, և, իհարկե, ամբողջ թիմին, ում ջանքերով արդեն ԵՊՀ հեռաուսուցման ծրագրի ուսնողները կարող են նոր և նորագույն տեխնիկայով հագեցած լսարանում ստանալ կրթություն: Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը նշեց, որ բոլորի համար մեծ պատիվ է, որ լսրարանը ԵՊՀ ուսանող, զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի անունով է, չնայած, որ Արմենը ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է եղել, սակայն այս պարագայում միջֆակուլտետային սահմաններ չեն կարող լինել:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ևս շնորհակալական խոսքով հանդես եկավ և նշեց, որ նման ավանդույթները շարունակական բնույթ են կրելու, և Երևանի պետական համալսարանը միշտ վառ է պահելու հայրենիքի հերոս-ազատամարտիկների հիշատակը, քանի որ վերջիններիս շնորհիվ է, որ մենք շարունակում ենք խաղաղ պայմաններում կրթել սերունդներ:

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Սահակյանը ներկայացրեց զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի կյանքին նվիրված հատուկ պրեզենտացիա:

 

Նիստին ներկա էին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, տնօրեն Վահրամ Մկրտչյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ողջ դասախոսական անձնակազմը, ուսանողներ, ինչպես նաև զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի մայրը:

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը ամփոփելով, հավելեց, որ հեռաուսուցման ծրագրերը միջազգային կրթական պրակտիկայում շատ ընդունված են և լայն տարածում ունեն' շնորհիվ բոլորի համար մատչելի և հասանելի կրթության' անկախ տարածությունից, ժամանակից և այլ սահմանափակումներից: Այն հնարավորություն է տալիս նաև սփյուռքահայերին և օտարերկրացիներին օգտվել ԵՊՀ-ի հեռաուսուցման ծրագրերից: