ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությանը գրություն է ուղարկել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 6-ին այցելելով ՀՀ ոստիկանության «Ձերբակալվածների պահման վայր», հանդիպել է 2013թ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ, որոնցից Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու, սպառնալիքներ հնչեցնելու և հայհոյանքներ տալու մասին: Անձամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից բռնության ենթարկվելու մասին իրեն հայտնել է նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:

 

Աժ պատգամավորի գրության կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց՝ իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով և անձամբ արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական և գաղափարական հայացքներով:

 

Իսկ Վ.Վարդանյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց և իր նման դիրքորոշման պատճառը նշելուց:
Դատաբժշկական փորձաքննությունների կատարման ընթացքում Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հայտարարել են, որ իրենց մոտ հայտնաբերված առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշուկի ընթացքում:

 

Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի մասնակցությամբ տարբեր ժամանակ կատարված մի շարք դատավարական գործողություններին մասնակցած ընթերակաները բացառել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում ՀՀ ոստիկանապետի ու նրա տեղակալի շփումը Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ բռնություն կամ ապօրինի այլ նորգործություն կիրառվելու հանգամանքը:

 

Հիշյալ հանգամանքը հերքել են նաև Վ. Գասպարյանն ու Հ. Պողոսյանը, ինչպես նաև այն անձինք, ովքեր Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելուց հետո մշտապես շփվել կամ քրեադատավարական բնույթի գործողություններ են իրականացրել նրանց հետ:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Շանթ Հարությունյանը և մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնել:

 

Ձերբակալման անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ձերբակալված Շանթ Հարությունյանին կատարած մի քանի այցելությունների ընթացքում վերջինս որևէ բողոք չի ներկայացրել ՀՀ ոստիկանապետի և նրա 1-ին տեղակալի կողմից բռնության ենթարկվելու առնչությամբ:

 

Այսպիսով' ՀՀ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ ստացված տեղեկատվության առիթով կատարված ստուգողական գործողությունների արդյունքում չի հաստատվել վերջինիս կողմից մատնանշված այն փաստը, որ 2013թ. նոյեմբերի 05-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են կիրառել, սպառնացել, հայհոյել:

 

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Կայացված որոշման օրինակներն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանին և գործով վարույթի ելքով շահագրգիռ մյուս անձանց:

 

ՀՔԾ մամուլի ծառայություն