Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:

 

Նախագծի համաձայն' այսուհետ կարգելվի ծխախոտի գովազդը:

 

«Ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների գովազդը, բացառությամբ սույն օրենքով և «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, արգելվում է, այդ թվում'

 

ա) հեռուստատեսությամբ, ռադիոյով և տեղեկատվության էլեկտրոնային այլ միջոցներով,

 

բ) զանգվածային լրատվության տպագիր միջոցներում և այլ տպագիր նյութերում,

 

գ) վահանակների, պաստառների, լուսատախտակների, ազդագրերի, պլակատների և արտաքին գովազդի համար նախատեսված տեխնիկական այլ միջոցներով,

 

դ) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման բոլոր վայրերում' այդ թվում շրջիկ առևտրի կետերում, շրջիկ առևտուր իրականացնելիս, հանրային սննդի օբյեկտներում,

 

ե) ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների գովազդ պարունակող արտադրանքի կամ տպագրված նյութերի տարածման ձևով, բացառությամբ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:

 

Ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների գովազդի սահմանափակումները չեն տարածվում'

 

ա) ծխախոտի կամ ծխախոտային արտադրատեսակների մասնագիտացված հրատարակությունների վրա, որոնք նախատեսված են բացառապես ծխախոտի կամ ծխախոտային արտադրատեսակների մասնագիտացված առևտրի սրահներում տեղադրելու համար,

 

բ) ծխախոտի կամ ծխախոտային արտադրանքի առանձնացված ձևով մասնագիտացված խանութներում' ծխախոտի առևտրի/վաճառքի մասնագետների կողմից բացառապես չափահաս տարիքի սպառողին բանավոր և վիզուալ տրամադրվող տեղեկատվության վրա:

 

Սույն մասով նախատեսված ծխախոտի գովազդում պետք է առկա լինի ծխախոտի վնասակարության մասին տեղեկատվություն»,-նշված է կառավարության հիմնավորման մեջ: