Երեկ ռուսաստանյան և հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով տարածվեց ապատեղեկատվություն, թե իբր Հրաչյա Հարությունյանն արդեն մեղավոր է ճանաչվել: Պաշտպանի խորհրդականն անմիջապես կապ հաստատեց Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի հետ և տեղեկացավ դրա հետ կապված որոշ մանրամասների:

 

Ռուբեն Մարգարյանը նախ պարզաբանել է, որ փորձագետները չեն հաստատում և չեն սահմանում անձի մեղավորությունը, այլ պարզապես պատասխանում են նախաքննական մարմնի կողմից բարձրացված հարցերին, իսկ փորձաքննության արդյունքներն այլ ապացույցների հետ գնահատում է դատարանը: Տվյալ դեպքում փորձագետներն ընդամենը հաստատել են Հարությունյանի տված ցուցմունքները արգելակման համակարգի լիարժեք չաշխատելու և արգելակելու համար ձեռնարկած միջոցների վերաբերյալ: Փաստաբանի խոսքերով, բոլոր դեպքերում, Հրաչյա Հարությունյանն արդեն ընդունել է իր մեղքը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման հարցում և համագործակցում է իրավապահ մարմինների հետ' տեղի ունեցած վթարի ամբողջական և իրական պատկերը կազմելու համար:

 

Ինչ վերաբերում է կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կապակցությամբ նոր քրեական գործի հարուցմանը, ապա իրականում նման գործ հարուցվել է և միացվել հիմնական քրեական գործին, սակայն կասկածյալը դեռևս չի հարցաքննվել: Ըստ նախաքննական մարմնի վարկածի' իրավապահ մարմինները ծանոթանալով Հրաչյա Հարությունյանի անձնագրին, տեսնելով, որ նա հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի պահանջել են աշխատանքային իրավունք տվող փաստաթուղթ, որն էլ կեղծ է եղել : Այս վարկածը, փաստաբանի կարծիքով առնվազն տարօրինակ է, քանի որ դժվար է պատկերացնել, որ անմիջապես ավտովթարից հետո, երբ մարդիկ գտնվում են մահամերձ վիճակում, առաջին օգնության կարիք ունեն, իրավապահ մարմինները շոկային վիճակում գտնվող վարորդից անմիջապես կպահանջեին ներկայացնել աշխատանքի օրինականությունը հաստատող փաստաթուղթը:

 

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հարկ է համարում հատկապես նշել, որ նախաքննական մարմինը հերթական անգամ քննության նյութերը զանգվածային լրատվամիջոցներին է փոխանցում ավելի վաղ, քան փաստաբանին, ընդ որում այնպիսի ձևաչափով, որը ձեռնտու է նախաքննական մարմնին: Ստացվում է այնպես, որ որոշ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ հնարավորություն ունեն մանրամասն ծանոթանալու քննության բոլոր փաստաթղթերի պատճեններին, ստանալ նաև քննիչի ու համապատասխան փորձագետների կարծիքներ, սակայն պաշտպանող կողմը՝ ոչ: Ռ. Մարգարյանի կարծիքով ողջունելի է իհարկե զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ համագործակցությունը, սակայն ոչ ի վնաս կասկածյալի և պաշտպանող կողմի:

 

Նկատի ուենալով նմանատիպ դեպքերի կրկնությունը' Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոք է ներկայացվել Մոսկվայի Տվերյան դատարան, որը կքննվի այս տարվա դեկտեմբերի 3-ին: