Բուզանդի հասցեի նախկին բնակիչներն այսօր կրկին ՀՀԿ գրասենյակի առջեւ էին եւ ընդունելություն էին պահանջում վարչապետից: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստն էր եւ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախքան նիստին մասնակցելը կարճ զրույց ունեցավ հավաքված բնակիչների հետ: Նրանց ասաց, որ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը իրեն զեկուցել է, որ Բուզանդի բնակիչների գործով առաջընթաց կա: Բնակիչներն էլ նրանից ընդունելություն խնդրեցին վարչապետն էլ խոստացավ, որ անպայման կզանգեն նրանց եւ կընդունեն:

 

Պարոն Սարգսյանը նաեւ պատմեց, թե ինչ է պարոն Գաբրիելյանն իրեն զեկուցել Բուզանդի բնակիչների հարցերով. «Ներկայացրեց մոտեցումները, թե ինչպես բավարարեն բնակիչների պահանջները: Գտնվել է տարբերակ, թե ինչպես լուծել նրանց խնդիրը»:

 

Վարչապետը այլ խնդիրներով ՀՀԿ գրասենյակի դիմաց հավաքված բնակիչներից եւս դիմումներ ընդունեց: Կային նաեւ փոքր կենտրոնի բնակիչներ, որոնք վարչապետին պատմեցին, որ իրենց էլ Դավիթաշեն են տեղափոխում, դժգոհեցին, որ իրենց տները քառակուսին $2000 է գնահատվել, բայց փոխհատուցում են հազար դոլար:

 

«Ըտենց բան չի կարող լինել: Հերթական փափուկ բարձն են դնում մեր գլխի տակ: Նման հանձնարարական «Լոգիկոն» ֆիրմային են հանձնարարել, բայց մինչեւ հիմա, ոչ մի որոշում, ոչ մի բան չկա: Դրա համար ուզում ենք նորից վարչապետի հետ հանդիպել»,- պահանջում էին բնակիչները: