57-ամյա Հրաչյա Գ.-ն մեղադրվում է դեղատան աշխատակցուհուն ծեծելու մեջ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

 

Գործի նյութերի համաձայն՝ 57-ամյա Հրաչյա Գ.-ն Իջեւան քաղաքի Անկախության 26/9 հասցեում գտնվող դեղատանն անհիմն վիճաբանել է դեղատան աշխատակցուհի, նույն քաղաքի բնակչուհի Արեւիկ Ա.-ի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է տվել վերջինիս եւ միջադեպին ներկա դեղատան մյուս աշխատակցուհի, Իջեւան քաղաքի բնակչուհի Լիլիա Մ.-ի հասցեին:

 

Դրանով նա խախտել է հասարակական կարգը եւ խոչընդոտել դեղատան բնականոն աշխատանքը: Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով): Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով' նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-պատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ 1 ամիս ժամկետով:

 

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 21-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: