Ամանորին ընդառաջ սկսել են ակտիվանալ զբոսաշրջային տուրերը: Ինչպես Tert.am-ին հայտնի դարձավ, վերջին շրջանում մոդայիկ է դարձել Հնդկաստան, Շրի Լանկա, արևելյան այլ երկրներ մենկելը հատուկ այուվերդայի մերսումների համար:
«Բագրատ տուր» ընկերության մենեջեր Մոնիկան Tert.am-ի այս դիտարկմանը պատասխանեց. «Մենք Հնդկաստան տուրեր չենք կազմակերպում, ուստի չեմ կարող ասել՝ ճի՞շտ են, արդյոք, այդ լուրերը, բայց ասեմ, որ ես էլ որպես քաղաքացի լսել եմ այդ մասին»:

 

I tour զբոսաշրջային ընկերության տնօրեն Արտավազդ Ավետիյանն էլ հետևյալ կարծիքը հայտնեց. Դժվար թե Հայաստանում ինչ-որ մեկին հետաքրում են «մասաժային տուրերը»: Գուցե մեկնել են հանգստի, որի ընթացքում օգտվել են նաև այդ ծառայությունից, բայց չեմ կարծում, թե միայն մերսման համար են մեկնում տվյալ երկրներ»,-ասաց տուրիստական կազմակերպության ղեկավարը:

 

Նա նկատեց, որ վերջին շրջանում ակտիվացել են երկու նոր ուղղություններով տուրերը՝ դեպի Բալի կղզի և Մոնակո, որտեղ հիմնականում ուղևորվում են ամուսնական զույգերը:

 

Ի պատասխան հարցի, թե՝ ՀՀ քաղաքացիների մենթալիտետում ո՞րն է ավելի գերակշռողը՝ նոր աշխարհամասեր հայտնաբերե՞լը, թե՞ հին՝ փորձված ուղղություններով հանգիստը կազմակերպելը, ասաց.«Ամեն մարդ մի կերպ է մտածում, մարդ կա՝ մտածում է՝ ինչո՞ւ չգնամ, մարդ էլ կա՝ մտածում է՝ դե լավ, գնամ, ի՞նչ անեմ, ավելի լավ է՝ մոտիկ, ծանոթ տեղ գնամ՝ Դուբայ: Այնպես որ՝ ճաշակին ընկեր չկա, նույն մարդը կարող է գերադասել քսան անգամ մեկնել Դուբայ, բայց ոչ մի էկզոտիկ երկիր չայցելել»:

 

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ են մտնում Հայաստան–ԵՄ Վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի մասին համաձայանգրերը:

 

Տուրիստական ընկերության տնօրենն ակնկալում է, որ զբոսաշրջիկների ավելի մեծ հոսքեր կլինեն, մարդիկ կօգտվեն առիթից և կմեկնեն եվրոպական երկրներ՝ հանգստի, թեև նշեց, որ մինչ այժմ էլ Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դիվանագիտական հաստատությունների հյուպատոսական ծառայությունները պահանջված փստաթղթերը ներկայացնելու դեպքում առանձնապես բարդություններ չեն առաջացրել: