Վարչապետ Տիգրան Սարգսյանն նոյեմբերի 28-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին: Նա Հայաստան է ժամանել ս.թ. նոյեմբերի 25-29-ը Երևանում անցկացվող հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:
«Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը և շահագրգռված է խորացնել այն», - նշել է վարչապետ Սարգսյանը և բարձր գնահատել պարոն Բիրյուլինի անձնական ներդրումը երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման գործում:

 

Իր հերթին Կոնստանտին Բիրյուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը և քայլեր է ձեռնարկում այն զարգացնելու ուղղությամբ:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության ընթացքին և ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կոնստանտին Բիրյուլինը և Ալիկ Միրզաբեկյանը վարչապետին են ներկայացրել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքների արդյունքները: Նշվել է, որ առկա է լիարժեք փոխըմբռնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում: