Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով այսօր Վիլնյուսում տեղի ունեցած իրադարձությունների նշանակությանը, ասում է, որ ԵՄ-ն ընդամենը մի քիչ էլ է սպասում, մինչ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցությունը: Նա նաև արձանագրում է. «Եվրոպական միության գործիքները շատ հստակ ու շատ հայտնի են, և եթե Հայաստանն ինքը չի տեղավորվում այդ գործիքների մեջ, կդժվարանամ պատկերացնել, որ Հայաստանի համար հատուկ գործիք են ստեղծելու»:

 

-Պարոն Սաֆարյան, ըստ Ձեզ՝ կարելի՞ է ավարտված համարել նախավիլնյուսյան այս ողջ թոհուբոհը:

 

-Ոչ ամենևին, հարցերը և հարցադրումները, որ կային, ամենևին ավարտված չեն, որովհետև եթե անգամ Եվրոպական միությունը խոսում է Հայաստանի հետ հարաբերությունները ցանկալի ուղղություններով շարունակելու մասին, միևնույն է՝ շատ կարևոր խնդիր կա. եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, ապա այդ դեպքում լրիվ այլ իրավիճակ է ստեղծվելու, և ընդամենը վիլնյուսյան հռչակագրի տառերն են մնալու, ոչ ավելին: Իսկ այլ կտրվածքով, ես կարծում եմ՝ Եվրոպան ուղղակի սպասում է զարգացումներին, թե ինչ կլինի: Այսինքն՝ մինչև Մաքսային միությանն անդամակցությանը ժամանակահատված կա, որը ոչ պակաս ծանր է լինելու Հայաստանի և, առհասարակ, Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար:

 

-Այսինքն, այն դուռը, որ բաց էր մինչև Վիլնյուս, էլի՞ բաց է մնալու որոշ ժամանակով:

 

-Մինչև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը: Չմոռանա՛նք, որ վերջին հաշվով ԵՄ-ն երկրների հետ հարաբերությունները զարգացնելու իր հաստատված ձևաչափերը ունի: Եթե մենք չենք միանում Ասոցացման համաձայնագրի ձևաչափին և եթե մենք արդեն իսկ ունենք ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականությունը, ապա Եվրոպան ինքն էլ բան չունի առաջարկելու Հայաստանին: Եվ դրա համար, այո, Եվրոպան, առայժմ շարունակում է սպասել: Այդ առումով շատ կարևոր են Ուկրաինայի հետ կապված զարգացումները: Եթե Ուկրաինան նույնպես հայտարարի ՄՄ մտնելու մասին, ապա դա արդեն լուրջ իրավիճակ կստեղծի:

 

-Դուք այդպես եք գնահատում, մինչդեռ «Եվրոպական ինտեգրացի» ՀԿ-ի նախագահն անգամ տնտեսական տարրեր է նկատել այդ համատեղ հայտարարության մեջ:

 

-Ես ճիշտն ասած զարմացած եմ՝ տարրեր նկատելը ո՞րն է:

 

-Նաև նախանշում է, որ հաջորդ տարվա սկզբին կսկսվեն բանակցություններ Ասոցացված համաձայանգրի մոդիֆիկացված տարբերակին հասնելու շուրջ, որտեղ կլինեն նաև տնտեսական տարրեր:

 

-Այլ բան է, որ Կարեն Բեքարյանը ցանկալին շփոթում է իրականի հետ: Այսինքն՝ տվյալ պարագայում ազատ առևտրի մասին համաձայնագիրը՝ ԽՀԱԱԳ-ը, որը Ասոցացման փաթեթի մի մասն էր, փաստ է, որ չի կարող ստորագրվել այժմ և չի կարող ստորագրվել ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Հետևաբար, ես չգիտեմ՝ միայն Հայաստանի համար Եվրոպական միությունը կարո՞ղ է ինչ-որ նոր ձևաչափ ստեղծել: Եվ Եվրոպական միության գործիքները շատ հստակ են ու շատ հայտնի են: Եթե Հայաստանն ինքը չի տեղավորվում այդ գործիքների մեջ, կդժվարանամ պատկերացնել, որ Հայաստանի համար հատուկ գործիք են ստեղծելու:

 

-Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Ուկրաինայի հետ էլ եղավ այն, ինչ եղավ Հայաստանի հետ…

 

-Ուկրիանայի պարագայում ընդամենը կասեցվել է…Ուկրաինան, նախ, նախաստորագրել է, ի տարբերություն Հայաստանի, և երկրորդ, Ուկրաինան դադարեցրել է ստորագրման գործընթացը: Եվ երրորդ մի շատ կարևոր տարբերություն. Ուկրաինան չի հայտարարել Մաքսային միություն մտնելու մասին, և դրա համար Շտեֆան Ֆյուլեն, անգամ վիլնյուսյան գագաթնաժողովի նախօրեին ասում է, որ իրենք պատրաստ են շարունակել ասոցացումը այդ երկրի հետ: Այնպես որ Հայաստանի պարագայում աշխատանքները տապալված են, իսկ Ուկրաինայի դեպքում՝ ընդհատված:

 

-Բայց Ուկրանինայի չստորագրումը կարծես ավելի շռնդալից էր:

 

-Ուկրաինան ավելի կարևոր երկիր է ԵՄ-ի համար: Բայց, նորից եմ կրկնում, Ուկրաինայի դեպքում տապալում չէ, ընդհատում է. տապալում կլինի, եթե Ռուսաստանին հաջողվի Ուկրաինային էլ մտցնել Մաքսային միություն: Հայաստանն արդեն մտնում է, և այդքանով տարբերությունները շատ մեծ են և էական:

 

-Հաշվի առնելով որոշ իրողություններ, որ ԵՄ պաշտոնյաներն իրենք են հայտարարում որոշակի ճնշումների մասին, հնարավո՞ր է, որ մեղմվեն ձևաչափերը, ստանդարտները:

 

-Առայժմ Եվրոպան սպասելու է, թե ինչ է անելու Հայաստանը՝ ընդամենը հասկացնել տալով, որ պատրաստ է պրոցեսը վերսկսել, բայց Հայաստանից է կախված լինելու, թե ինչ կետից և ինչ ձևով: Եվ ընդհանրապես, վերսկսելու՞ է, թե ոչ: Եվ Հայաստանը համարվելու է Եվրոպայի համար կորած երկիր:

 

-Պարոն Սաֆարյան, քանի որ Վրաստանը նախաստորագրեց, հնարավոր է, որ մի պահ գա, երբ Հայաստան-Վրաստան սահմանը վերածվի ԵՄ-ՄՄ սահմանի և բաժանարար գծի: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այս պարագայում:

 

- Դա շատ լուրջ վերլուծության առարկա է, իմ կարծիքով՝ Հայաստանը պիտի ամեն ինչ անի Վրաստանին օգնելու, որ ինքը Եվրոպայի սահմանը մոտեցնի մեզ, եթե այս իրավիճակն է:

 

-Այսի՞նքն:

 

-Աջակցել, որ Վրաստանը չտապալվի, նրան չխոչընդոտեն, և նա շարունակի իր եվրաինտեգրման կուրսը: Այս պարագայում գոնե ԵՄ սահմանը կհասնի Հայաստանին:

 

-Եվ ի՞նչ կլինի, կլինի բաժանարար գիծ:

 

-Միգուցե մի գեղեցիկ օր էլ մենք որոշենք այդ սահմանից ներս մտնել: Մեր բոլոր սահմանների վրա կողպեքներ են դրված, և ցավոք սրտի, այո, եթե մի սահման ունեինք, որ բաց էր մեզ համար, հիմա սա էլ է շատ խստանալու: