Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումում.

 

Սիրելի հյուրեր և գործընկերներ, ցանկանում եմ ողջունել ձեզ ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից, շնորհակալություն հայտնել, որ եկել եք միջտարածաշրջանային համաժողովին: Իհարկե, այս միջոցառման հատուկ կարևորությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում:

 

Այս համաժողովը հատուկ բնույթ ունի: Այն նվիրված է այնպիսի կարևոր թեմայի, ինչպիսինն են մեր երկրի համագործակցության հեռանկարները ինտեգրացիոն միավորումների շրջանակում: Այսպիսի ընտրության առիթ դարձավ, իհարկե, Հայաստանի որոշումը միանալու Մաքսային միությանը, իսկ հետագայում նաև անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

 

Առաջին հերթին մեզ առաջնորդում էր այն անվիճելի փաստի ընդունումը, որ Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ են կոլեկտիվ ջանքեր: Մասնավորապես, ժամանակակից աշխարհում կայուն տնտեսական աճի համար նպաստավոր պայմանների ստեղծումը և մրցունակ տնտեսության ձևավորումը խիստ բարդ է, իսկ որոշ դեպքերում անլուծելի խնդիր է սահմանափակ ռեսուրսներով և փոքր շուկա ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Դա երկու անգամ ավելի բարդ է, եթե հաշվի առնենք այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի պայմաններում մենք ստիպված ենք զարգացնել մեր երկրի տնտեսությունը: Այսպիսով, Մաքսային միությանը միանալու որոշման հիմքում, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, ընկած է Հայաստանի տնտեսության կայուն աճի և մրցունակության ապահովման ձգտումը: Այս կարևորագույն խնդրի լուծման մեխանիզմների և իրականացման ուղիների որոնումները մեզ բերեցին բնական և հիմնավորված եզրակացության՝ ինտեգրացիոն միավորման մեջ լիարժեք անդամակցության անհրաժեշտության մասին, որին անդամակցում են նաև մեր մոտ քաղաքական դաշնակիցները, ՀԱՊԿ անդամ-երկրները և մեր հիմնական տնտեսական գործընկերները:

 

Երկրորդը, ինչպես հայտնի է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար: Ռուսաստանը մեր հիմնական արտաքին առևտրական գործընկերն է և Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողը: Այն որոշիչ դեր է խաղում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հարցում: Ռուսաստանի հետ են կապված տնտեսության գերակա ուղղությունների և համակարգ ձևավորող ձեռնարկությունների զարգացման հեռանկարները, ինչպիսիք են, օրինակ, «Նաիրիտը» և ատոմային էլեկտրակայանը: Անվիճելի է, որ մեր երկրների միջև տնտեսական հարաբերություններն անկախության տարիների ընթացքում կրել են մշտապես զարգացող բնույթ: Հարաբերությունների այսպիսի դինամիկայի պահպանումը պահանջում էր համագործակցության մեխանիզմների համակարգային կատարելագործում: Սակայն այս պահին մենք փաստացի հասել ենք մեր համագործակցության վերընթաց կորի բարձրագույն կետին, որին կարելի է հասնել օգտագործելով միայն երկկողմ հարաբերությունների սովորական գործիքակազմը: Հայաստանի և Ռուսաստանի միջև հետագա տնտեսական համագործակցության զարգացման մարտավարությունը, որն արտացոլված է մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրում, պետք է ուղղված լինի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման և մեր տնտեսությունների կառուցվածքային և տեխնոլոգիական մոդեռնիզացմանը նպաստող պայմանների ապահովմանը:

 

Այս խնդիրների լուծման հնարավորությունը մենք տեսնում ենք միայն տնտեսական միջավայրում, որը կբացառի ցանկացած սահման կամ խոչընդոտ երկու երկրների տնտեսությունների փոխադարձ ինտեգրման համար: Այսպիսով, ՄՄ մտնելու մեր որոշումը կրում է կշռադատված բնույթ և ունի լիովին ռացիոնալ հիմնավորում: Այն պայմանավորված է մրցունակ և արդյունավետ զարգացող տնտեսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ձգտումով:

 

Երրորդ հարցը, որին ես կցանկանայի պատասխանել, կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. ինչով է Հայաստանը գնում ՄՄ: Հայաստանն, ինչպես ասվում է, դատարկ ձեռքերով չի որոշել մտնել Մաքսային միություն: Մենք համոզված ենք, որ կկարողանանք թարմ շունչ և նոր գաղափարներ բերել Միության աշխատանքին: Մեր երկիրը, ըստ էության գտնվելով տրանսպորտային շրջափակման պայմաններում և չունենալով հարուստ բնական ռեսուրսներ, չունի բաց ու արդյունավետ գործող տնտեսական աճի մոդելի այլընտրանք: Շարժվելով այս ուղղությամբ, վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալի առաջընթացի հասնել լավագույն համաշխարհային պրակտիկային և ստանդարտներին համապատասխան մեր ինստիտուտների բարեփոխումների ոլորտում: Դա հատկապես վերաբերում է պետական համակարգի աշխատանքի ամրապնդմանը և արդյունավետության բարձրացմանը, երկրում գործարարության և ներդրումային գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

 

Ես կցանկանայի նշել, որ Համաշխարհային բանկի Doing Business ինդեքսով Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը, իսկ համաշխարհային վարկանիշում՝ 188 երկրների թվում մենք զբաղեցնում ենք 37-րդ տեղը: Բացի այդ, համեմատական առավելությունների թվին, որոնց օգտագործումը կարող է ձեռնատու լինել և Հայաստանի, և Եվրասիական տնտեսական միության երկրների համար, կարելի է դասել աշխարհագրական առումով մոտ լինելը և ավանդական բարեկամական հարաբերությունները մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ:

Կցանկանայի նշել, որ Հայաստանն այսօր ունի GSP+ ռեժիմ Եվրամիության հետ, իսկ դա օգնում է մեր բազմաթիվ ընկերություների, այդ թվում Հայաստանի տարածքում գործող ռուսական ընկերություններին, առանց որևէ սահմանափակման վաճառել իրենց ապրանքները ԵՄ տարածքում՝ առանց մաքսային վճարների: Ինձ համար հաճելի է ձեզ տեղեկացնել, որ ԵՄ դատարանը բավարարել է «Ռուսալ»-ի հայցը՝ ԵՄ ռեգլամենտի վերացման մասին, որը սահմանել էր հակադեմպինգային վճարներ մեր ձեռնարկության համար: Իսկ դա նշանակում է, որ եվրոպական շուկան բաց կլինի «Ռուսալ»-ի համար և մենք կկարողանանք Հայաստանից այս ձեռնարկության արտադրանքն արտահանել առանց սահմանափակման՝ օգտագործելով GSP+ ռեժիմը: Եվ այն ռուսական կապիտալով 1450 ձեռնարկությունները, որոնք գործում են Հայաստանի տարածքում, կարող են օգտվել հենց այս արտոնյալ ռեժիմից, ինչն իհարկե, ավելացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը:

 

Եթե սրան միացնենք նաև ազատ առևտրի գոտին, որը մեր ռուս գործընկերների հետ ստեղծել ենք «Մարս» գործարանի հիմքում և Մերգելյանի գիտահետազոտական ինստիտուտում, ապա դա նշանակում է, որ ռուս ներդրողները կարող են այս տարածքում ներդումներ կատարել և օգտվել հարկային արտոնություններից:

 

Եզրափակելով. ինչպիսին ենք մենք պատկերացնում մեր ինտեգրացիոն միավորումը, ինչպիսի հիմնական սկզբունքների և արժեքների վրա այն պետք է կառուցվի: Դրա համար ձևակերպենք մի քանի թեզեր: Առաջինը՝ բոլորի կողմից ընդունված է, որ 21-րդ դարում զարգացման բազային գործընթաց է հանդիսանում նաև մտավոր գործունեությունը: Իսկ դա, իր հերթին նշանակում է, որ մարդը զարգացման շարժիչ ուժն է, և ենթակառուցվածքները պետք է ստեղծվեն հենց ստեղծագործ մարդու համար՝ հնարավորություն տալով նրան իր ներուժի ամբողջական իրացման համար:

 

Այսպիսով՝ ինտեգրացիոն գործընթացների առաջնային նպատակներից մեկը պետք է լինի բարենպաստ պայմանների ստեղծումը՝ մարդկանց ստեղծագործական ներուժի իրացման համար: Ելնելով դրանից՝ կարելի է ձևակերպել հաջորդ թեզը: Երկրների միավորմանը կարող ենք գալ մարդկանց միավորման միջոցով: Այսինքն՝ պետք է ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որպեսզի նախաձեռնող, ստեղծագործ մարդիկ ձգտեն ինտեգրման: Հենց այդպիսի մարդիկ պետք է վերածվեն միավորման լոկոմոտիվի: Երկրորդը՝ ինտեգրումը պետք է հարմարավետ պայմաններ ստեղծի բիզնեսի համար: Մենք պետք է մեր ուշադրության կենտրոնում պահենք փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Եթե հաջողվի այս հարցում շոշափելի արդյունքների հասնել, ապա բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ կհայտնվեն շահագրգռված ինտեգրման պրոցեսի հաջող իրականացման մեջ:

 

Երրորդը՝ ինտեգրման արդյունքները պետք է զգալի լինեն բոլոր քաղաքացիների համար: Ինտեգրումը պետք է փոխի մարդկանց կենսապայմանները: Այդ դեպքում մենք կունենանք լայն մասսաներ, ովքեր շահագրգռված կլինեն ինտեգրման հաջողության և նրա հետագա խորացման մեջ: Այլ կերպ ասած՝ ինտեգրումը կդառնա անդառնալի, եթե նրանում շահագրգռված լինեն հասարակ մարդիկ: Իսկ դա հնարավոր է, եթե նրանք հասկանան, որ ինտեգրման գործընթացի հետ նրանց կենսապայմաններն աստիճանաբար բարելավվում են:

 

Չորրորդը՝ 21-րդ դարում վտանգների ու մարտահրավերների հետ պայքարն ավելի արդյունավետ է, եթե այն իրականացվում է ընդհանուր, կազմակերպված ջանքերով: Հետևաբար՝ այստեղ ավելի քան տեսանելի է, որ առավել արդյունավետ է ստեղծել վերազգային կառույցներ, քան փորձել միայնակ դիմագրավել այս խնդիրներին: Եվ այն միավորման գործընթացները, որոնք տեղի են ունենում Եվրազեսի շրջանակներում, թելադրում են մեզ հետևողական լինել այս կարևորագույն նախաձեռնությունում: Մենք վստահ ենք, որ ցանկացած ինտեգրացիոն գործընթացի միավորող գործոններից են առաջին հերթին արժեքների ընդհանրությունը և երկրների ազնվությունը՝ միավորվելու և համագործակցելու հարցում: Ես կարծում եմ, որ մեր երկխոսության նոր փուլը կլինի մեզ միավորող արժեքների մասին, և այն արժեքների, որոնք մեզ հնարավորություն են տալիս՝ կառուցելու ընդհանուր ապագա և ընդհանուր տեսլական:

 

Շնորհակալություն ուշադրության համար: