«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթներում ո´չ միայն Վլադիմիր Պուտինի անունն է տվել, այլև՝ ԱՄն նախագահ Բարաք Օբամայի ու եվրոպական այլ ղեկավարների, ու ո´չ միայն «Մոսկվայի անուն է տվել»: Հետևաբար՝ Հերմինե Նաղդալյանի «կսմիթը» տեղին չէ:

 

Այս մասին Tert.am –ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ի պատասխան հարցի, թե այսօր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չդիմացավ ու ԱԺ ամբիոնից Զարուհի Փոստանջյանի «հակապուտինյան» ելույթին ռեպլիկ նետեց. «Դրա համար էի՞ք գնացել կայսրությունից հաղթանակ բերելու»:

 

«Եթե իրենք ուզում են հատվածավորել, իրենց խնդիրն է, կարող են տառերն էլ կիսել, բայց ինքը բոլոր ղեկավարներին նշել է»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 9-ի իրադարձություններից և Ազատության հրապարակում նախագահական երդումից հետ Րաֆֆի Հովհաննիսյանն անսասելի Մոսկվա էր մեկնել, իսկ ավելի վաղ հայտարել էր, որ Մոսկվայից կբերի հայ ժողովրդի հաղթանակը:

 

«Ժառանգության» փոխնախագահն իր նախորդ ասածներին հավելեց հետևյալ մեկնաբանությունը. «Նախագահ Պուտինը և բոլոր նախագահներն իրենց լուռ համաձայնությամբ այդ հաղթանակը նվիրեցին Սերժ Սարգսյանին՝ չնայած բազմաթիվ կեղծիքներին: Եվ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հայտարարեց, որ այդ կեղծիքներն, ըստ էության, մենք միասին ենք արել՝ ի դեմս այն նախադասության, որ ռեֆորմների լավագույն արտահայտիչը վերջին համապետական ընտրություններն են եղել»:

 

Այս նախադասությամբ, ըստ Արմեն Մարտիրոսյանի, նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանն ակնարկել է , որ այն, ինչ արել է, միայնակ չի արել, միասի՛ն են արել: