Յասեր Արաֆաթի այրին ցնցված է իր ամուսնու մահվան վերաբերյալ փորձագետների կազմած տարակարծիք եզրակացությունների պատճառով: Արաֆաթի աճյունից նմուշներ ուսումնասիրող ֆրանսիական մասնագետների խմբի կարծիքը տարբերվում է շվեցարացի փորձագետների եզրակացություններից, որոնք հաստատում էին, որ Արաֆաթի մնացորդներոմ ռադիոակտիվ Պոլոնիում 210 է հայտնաբերվել: Իսկ ֆրանսիացի փորձագետները եկել են այն եզրակացության, որ Արաֆաթը մահացել է բնական մահով. գրում է France Press գործակալությունը:

 

«Ես չգիտեմ' ինչ մտածել, ես չեմ կարող արտահայտել, թե որքան ցնցված եմ ես այդ նորություններից»,-ասել է Արաֆաթի այրին:

 

Արաֆաթի դին արտաշիրիմվել էր Ռամալլահի գերեզմանոցից 2012թ. նոյեմբերին այրու պահանջով, որ պնդում էր, թե իր ամուսնուն թունավորել են:

 

Փորձագետները 60 նմուշ օրինակ էին վերցրել նրա աճյունից և բաժանել 3 փորձագիտական խմբերի միջև' շվեցարական, ֆրանսիական և ռուսական:

 

Լոզանի ռադիոֆիզիկայի շվեցարացի մասնագետները հայտնաբերել էին պոլոնիում 210-ի վտանգավոր քանակ Արաֆաթի մնացորդներում: Նրանց տվյալներով' այդ չափաբաժինը 18 անգամ գերազանցել է նորման: