ՀՀ Տավուշի մարզում' Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում, հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակ էր բացվել ավտոճանապարհով ընթացող մեքենաների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով զոհվել էր շարքային Գարիկ Պողոսյանը, ևս երեք զինվորներ վիրավորվել էին: Անվտանգության նկատառումներից ելնելով' մինչ այժմ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածը փակ է, Իջևան-Բերդ երթևեկն իրականացվում է շրջանցիկ Իջևան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ, մեղմ ասած, անբարեկարգ ճանապարհով:

 

Lurer.com-ի ունեցած տեղեկություններով' Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի իշխանությունները ս.թ. նոյեմբերի 22-ին դիմել են ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ), որպեսզի վերջինս աջակցի ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը վերոնշյալ հատվածով ապահովելու գործում և անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար դիմի ադրբեջանական կողմին: Սակայն, առ այսօր ԿԽՄԿ-ից գյուղական համայնքների ղեկավարները որևէ պատասխան չեն ստացել: ԿԽՄԿ երևանյան գրասենյակն այս առումով լռում է: Թերևս, լռության պատճառն այն է, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ մերժել է անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես տարիներ շարունակ մերժում է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու հայկական կողմի առաջարկը:

 

Միևնույն ժամանակ գյուղապետերը հավաստիացնում են, որ հայկական կողմը նույն ԿԽՄԿ-ի միջոցով անվտանգության երաշխիքներ է տրամադրել ադրբեջանական կողմին Ալիբեյլի գյուղի մերձակայքում քաղաքացիական աշխատանքներ իրականացնելու համար: Հարց է առաջանում. ինչո՞ւ է հայկական կողմն ընդառաջում ԿԽՄԿ-ի միջնորդությանը և երաշխիքներ տրամադրում ադրբեջանական կողմին, եթե չի ապահովվում սահմանամերձ գյուղերի միջև քաղաքացիական ավտոմեքենաների անվտանգ երթևեկը, եթե չի ապահովվում խաղաղ բնակչության անվտանգությունը, եթե առկա է Բերդ-Իջևան ճանապարհի գնդակոծման վտանգը: