Ամուսնու կողմից բռնությունների եւ խոշտանգման ենթարկված Հասմիկ Խաչատրյանի մասին «Հետք»-ի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 28-ին, նրա ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը, Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամլիրից վերցրել է իրենց 7-ամյա դստերն ու մինչ այժմ չի վերադարձրել: Երեխան գտնվում էր մոր՝ Հասմիկ Խաչատրյանի խնամակալության ներքո, բայց աղջկան դպրոցից տանելու մասին Սարգիսը որեւէ կերպ չի զգուշացրել նրան: Դպրոցում խոստացել է մի քանի ժամից երեխային հետ բերել, սակայն փոքրիկ Վարսիկի գտնվելու վայրի մասին մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը առ այսօր որեւէ տեղեկություն չունի:

 

«Ես երեխային առողջ վիճակում տարել եմ դպրոց: Ժամը 11:00-ին դասղեկը զանգեց, ասաց՝ ամուսինդ տարավ երեխային, բայց խոստացավ 14:30 անպայման բերել: Այդ ժամին բարերար էր գալու դպրոց, որ երեխաներին լսողության ապարատներ բաժաներ: Երեխան անպայման ներկա պիտի լիներ, ինքը չբերեց: Հետո դասղեկը թե՝ գիտե՞ս, մեկ էլ տնօրենից թույլտվություն է վերցրել, որ երեխային տանի դատաբժշկի մոտ: Ինձ համար դա զարմանալի չէր, քանի որ գիտեի, որ ինքը պատրաստ է ինձ ամեն տեսակի վատություն անել»,- պատմում է Հասմիկ Խաչատրյանը:

 

«Հետքը» խոսեց Վարսիկ Հակոբյանի հոր՝ Սարգիս Հակոբյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով. «Հիմա ահավոր խառը իրավիճակ ա, ոչ մի բան չեմ կարող ասել: Թող ամեն ինչ դզվի, հետո կխոսեմ: Էլ մի շարունակեք»:

 

Սարգիս Հակոբյանը երեխային դպրոցից տարել է Գավառի հիվանդանոց՝ պատճառաբանելով, թե երեխան վատ է զգում եւ կապտուկներ ունի: Նա հրավիրել է նաեւ Գավառի դատաբժիշկ Վանիկ Զանյանին՝ արձանագրելու երեխայի կապտուկները՝ նշելով, թե մայրը բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ:

 

Վարսիկ Հակոբյանին պառկեցրել են Գավառի հիվանդանոցի մանկական բաժանմունքում՝ բժիշկ Անիկ Մհերյանի խնամակալության ներքո: Մոր՝ երեխայի վիճակն իմանալուն ուղղված բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ Մհերյանը գոռացել է, թե ասելու ոչինչ չունի եւ եթե շատ է ուզում տեղեկություն իմանալ դստեր մասին, թող այցելի Գավառի հիվանդանոց:Մանրամասներն` այստեղ: