Թուրքական ժամանցային Star TV հեռուստաալիքին պարտավորեցրել են վճարել ավելի քան 550 հազար դոլար տուգանք՝ «Դուք տաղանդավոր եք» հեռուստաշոուի ընթացքում էթիկայի կանոնները խախտելու համար:

 

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, դրա համար պատճառ է հանդիսացել մասնակիցներից մեկի պրովոկացիոն պարը, որը հեռուստադիտողներից շատերը և Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (կարգավորիչ մարմին) չափազանց էրոտիկ են համարել:

 

Տեղի կանոնների համաձայն՝ հեռուստաընկերությունները պարտավոր են եթեր հեռարձակելուց առաջ հեռուստադիտողին զգուշացնել հաղորդման տարիքային սահմանափակման և բռնության կամ էրոտիկ տեսարանների առկայության մասին:

 

«Դուք տաղանդավոր եք» շոուն ներառված է «բոլորի համար» վարկանշի տակ, ինչի շրջանակներում չի թույլատրվում այնպիսի տեսարանների ցուցադրություն, որոնք «կարող են վնաս հասցնել երեխաների և դեռահասների բարքերին»: