Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի' նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարությունը: NEWS.am-ի թղթակցի՝ պատգամավորին ուղարկված հարցերին ի պատասխան' նրա օգնականը փոխանցել է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը մեկնաբանություն չունի:

Նշենք, որ այսօր «Ազատություն» կուսակցության համագումարում Հրանտ Բագրատյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: Նա օրեր առաջ Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ մտադիր է առաջադրվել նախագահի թեկնածու եւ այդ առաջադրումը ՀԱԿ-ի կողմից չի լինելու: Նա խոստացել էր հանել թեկնածությունը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Բագրատյանն իր այդ որոշումը բացատրել էր ընտրություններում արեւմտյան արժեքներ դավանող թեկնածուի մասնակցության անհրաժեշտությամբ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն, իր հերթին, դեկտեմբերի 22-ին, ՀՀՇ համագումարում հայտարարել է, որ իր որոշման մասին կհայտնի մի քանի օր անց: