Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի քարտուղարության պետ Մարինե Գրիգորյանը հանդես է եկել դիմումով' խնդրելով արհկոմի ժողովում քննարկել ռեկտոր Արա Ավետիսյանի պահվածքը, իրեն հասցված վիրավորանքը այս թվականի նոյեմբերի 28-ին կայացած ռեկտորատի նիստում:

 

Ստորև ներկայացնում ենք Մարինե Գրիգորյանի դիմումն արհկոմին:

 

ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ Արհեստակցական կազմակերպության նախագահ' պարոն Համլետ Մկրտչյանին

ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ քարտուղարության պետ, գլխավոր իրավախորհրդատու' Մարինե Միքայելի Գրիգորյանից

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հայտնում եմ Ձեզ, որ 2013 թվականի նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ ...համալսարանի...նախատեսված հերթական ռեկտորատի նիստը, որի անդամ եմ ես:

 

Համալսարանի կանոնադրության 46-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ռեկտորատի նիստը հրավիրում է ռեկտորը: Հերթական նիստը ևս վարում էր ռեկտորը: Օրակարգային հարցերում ընդգրկված էր նաև 2013 թվականի արտաբյուջետային միջոցների նախահաշվի մասին հարցը...: Ներկայացնելով համալսարանի ֆինանսական վիճակը, ռեկտորը այն գնահատեց բավականին լավ, համեմատական անցկացնելով այլ բուհերի հետ, մասնավորապես Տնտեսագիտական համալսարանի հետ, հայտարարեց.

 

- «այդ համալսարանում տրաքած վիճակ է, ոչինչ անել չեն կարողանում, իսկ մենք կարողանում ենք, դեռ մի բան էլ ավելի, տնտեսումներ ունենք»:

 

Քանի որ շատ հուսադրող հայտարարություն էր ռեկտորի կողմից, դեկաններից մեկը հարց ուղղեց ռեկտորին, թե դա ենթադրում է, որ կարող ենք ակնկալել, որ առաջիկայում կլինի աշխատավարձերի բարձրացում: Ռեկտորը կարճ և լակոնիկ պատասխանեց. «ոչ»: Հետո էլ հավելեց շատ արհամարհական տոնով և քմծիծաղով.

 

«Հանկարծ չմտածեք, որ մուռ եմ հանում, քանի դեռ իմ առաջարկած բարեփոխումներով չեք ուզում աշխատել, ոչ մի աշխատավարձի բարձրացում չի լինի»:

 

Հետո ռեկտորատի անդամներից մի քանիսը կես կատակ կես լուրջ հիշեցին վաղ անցյալում Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո նոր դրամական միավորը ներդնելուց հետո սահմանված աշխատավարձերը. «3 հազար, կամ 5 հազար դրամ»: Հետո ռեկտորը նորից անդրադարձավ իր կողմից կատարված շատ լավ գործերին, որ կոլեկտիվը 2 տարվա ընթացքում այդպես էլ չի գնահատում, դրա փոխարեն միտինգ են անում, օրինակ, որ իրենից առաջ պաշտոնավարած ռեկտորները երբեք չեն վճարել աշխատողներին տարեվերջյան այսպես կոչված 13-րդ աշխատավարձը, իսկ ինքը վճարել է, բայց կոլեկտիվը այդպես էլ իրեն շնորհակալություն չի հայտնել: Քանի որ, ես ռեկտորատի անդամ եմ, սահմանված կարգով ձայն խնդրեցի և ես էլ իմ կարծիքը փորձեցի արտահայտել ասելով բառացի հետևյալը.

 

«Հարգելի գործընկերներ, մենք վաղուց արդեն թևակոխել ենք 21-րդ դարաշրջան, որը շատ արագ տեմպերով զարգանում է, չի կարելի անընդհատ ետ նայել, փորձել նորից ետ գնալ, և աշխատավարձի բարձրացման պահանջն էլ զուտ սոցիալական հարց է և շատ ցավոտ, որ աշխատակիցները պարբերաբար բարձրաձայնում են, իսկ ինչ վերաբերում է 13-րդ աշխատավարձին կամ տարվա մեջ մեկ անգամ գործատուի կողմից տրվող պարգևատրմանը, ապա այդ գումարների մի մասը հավաքվում է մեր կողմից կատարված աշխատանքի դիմաց տրվող աշխատավարձի տնտեսումից և, իհարկե, համալսարանի արտաբյուջետային միջոցների տնտեսումից, այնպես որ, ոչ մեկը իր անձնական փողերը մեզ չի տալիս, ինչ շնորհակալության մասին է խոսքը»:

 

Իմ այս խոսքը բոլորովին դուր չեկավ հարգարժան ռեկտորին և շատ վրդովեցրեց, որ իրեն չտիրապետելով, հաշիվ չտալով, որ նախ ես կին եմ, հետո համալսարանի քարտուղարության պետնն եմ և լիարժեք անդամը ռեկտորատի, բարձր տոնով ասեց հետևյալը.

 

«Մարինե Գրիգորյան, սրանից հետո դու չհամարձակվես հարգարժան ակադեմիկոսների ներկայությամբ խոսես և այդպես նրանց վիրավորես, չափդ ճանաչի»:

 

Իմ կողմից ռեկտորին հարց ուղղվեց, թե իմ ելույթի մեջ հատկապես որ բառն էր վիրավորանք՝ ուղղված հարգարժան ակադեմիկոսներին, նա չպատասխանելով իմ հարցին, նույն անհարգալից տոնով շարունակեց.

 

«Ձեռքերով չխոսես քեզ ասում եմ»:

 

Ես նորից ասեցի, որ իմ ասածի մեջ չկա ոչ մի վիրավորական բառ, բայց եթե որևէ մեկին վիրավորել եմ, բոլոր ներկաներից ներողություն խնդրեցի, իսկ ռեկտորին ասացի, որ իր բոլոր ասածները պարունակում են վիրավորանք իմ անձի դեմ, նախ խոսում է անհարգալից տոնով կնոջ հետ, չի հարգում իմ զբաղեցրած դիրքը համալսարանում և դուրս է գալիս, եթե ես ակադեմիկոս չեմ, խոսելու իրավունք չունեմ: Նաև հարց բարձրացրեցի, թե ինքը ինչ իրավունքով է ինձ՝ որպես ռեկտորատի մյուս անդամներին հավասար մարդուս, զրկում խոսելու և արտահայտվելու իրավունքից: Նորից չպատասխանեց՝ դրսևորելով արհամարհական վերաբերմունք:

 

Հարգելի պարոն Մկրտչյան, Դուք ներկա եք գտնվել վերոհիշյալ ռեկտորատի հերթական նիստին և այս տհաճ միջադեպին, որն, ի դեպ, միակը չէ:Խնդրում եմ սահմանված կարգով քննարկել իմ դիմումը, ռեկտորի պահվածքը, ինձ հասցված վիրավորանքը: Խնդրում եմ նաև քննարկել, ռեկտորի այն անհիմն մեղադրանքը, թե ես իմ խոսքով վիրավորանք եմ հասցրել ակադեմիկոսներին և սահմանված ժամկետում և կարգով գրավոր պատասխանել ինձ:

 

Դիմող՝ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեղ:

 

Պոլիտեխնիկի Արհեստակցական կազմակերպության նախագահության անդամ` Ա. Ա. Խզարջյան