Ստորև ներկայացնում ենք «Նախախորհրդարանի» քարտուղարության հայտարարությունը.

 

Հայաստանի` իրար հաջորդած կառավարող վարչախմբերը որդեգրել են կենսագործունեության բոլոր ոլորտներում պետության գործառույթների կատարումից հնարավորինս ձերբազատվելու և այն ընդամենը բռնության ու հարկաբյուջետային գործառույթներ կատարող համակարգի վերածելու կործանարար գործելակերպ:

 

Նրանք այդպես են վարվում իրենց կառավարումը հեշտացնելու, ինչպես նաև երկրի ու ժողովրդի հաշվին անձնական ու կլանային շահեր հետապնդելու նպատակով, ինչը Հայաստանի պարագայում հնարավոր չէ անել առանց արտաքին ուժի աջակցության: Ուստի այդ աջակցությունն ստանալու համար առանց բացառության օտարներին, հիմնականում' Ռուսաստանին, են հանձնվում տնտեսության ռազմավարական ոլորտները:

 

Մասնավորապես, նման գործելակերպի հետևանքով կենսական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտում ՀայՌուսգազարդի` Հայաստանին պատկանող վերջին 20 % բաժնեմասի և Որոտան ՀԷԿ համալիրի օտարումից հետո երկրի գրեթե բոլոր էներգետիկ հզորությունները և բաշխիչ ցանցերը հայտնվելու են օտարի ձեռքում:

 

Այս պատճառով պետությունը գործնականում զրկվում է ինքնուրույն էներգետիկ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու հնարավորությունից և ամբողջությամբ վերածվում է օտարի շահերը սպասարկող սպառման օբյեկտի:

 

Իրավիճակի շտկումը բացառելու նպատակով ազգային շահի հաշվին օտարի շահին ծառայող և դրանից մասնաբաժին ստացող օրվա կառավարիչներն ի սկզբանե մերժում, անգամ` հալածում են երկրի էներգետիկ կախյալությունը հաղթահարելուն միտված բոլոր, մասնավորապես` էներգիայի այլընտրանքային (օրինակ` արևային, քամու) հնարավորությունների զարգացման ծրագրերը, իսկ անհնարինության դեպքում` էապես նվազեցնում են դրանց չափաբաժինն ու դերակատարումը, ինչի վառ ապացույցն է իրանական գազատարի` նախապես պայմանավորվածի համեմատությամբ ավելի փոքր տրամաչափով կառուցումը և տրամադրումը ՀայՌուսգազարդին: Նույն տրամաբանությամբ' նրանք լկտիաբար ու բացեիբաց մերժում են անգամ դիտարկել իրանական կողմի' ռուսականից ավելի ցածր գնով գազի մատակարարման բարեկամական առաջարկը:

 

Այս ամենի հետևանքով Հայաստանի քաղաքացին և հայ մարդն անտեսված ու անապահով են իրենց երկրում, չեն կարողանում արժանապատիվ կերպով ապրել և հոգալ իրենց ընտանիքների ապրուստը: Նրանց սոցիալական բազում խնդիրների շարքում, հատկապես` տարվա ցուրտ ամիսներին, էական տեղ է զբաղեցնում ընտանիքի նվազագույն կենցաղային կարիքները հոգալու և ջեռուցված կացարան ունենալու տարրական պայմանների ապահովումը:

 

Երկրում ձևավորված համակարգային ճգնաժամը արագացող տեմպերով խորանում է ինչպես ներքին պատճառներով, այնպես էլ տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող արմատական վերադասավորումներով պայմանավորված և հետզհետե ահագնացող արտաքին ճնշումների ազդեցությամբ:

 

Նման պայմաններում Նախախորհրդարանը առաջիկա ամիսներին կանխատեսում է ներքին և արտաքին զարգացումների սրացում, ինչն ուղեկցվելու է բնակչության սոցիալական խնդիրների սրացմամբ և արտագաղթի ծավալի մեծացմամբ:

 

Ուստի, Նախախորհրդարանը, օր առաջ ժողովրդի շահերն արտահայտող Նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագրի իրագործման քայլերին զուգահեռաբար, դիտարկում է նաև բնակչության անհետաձգելի սոցիալական կարիքների բավարարման նվազագույն պայմանների ապահովման նպատակով ժողովրդին քաղաքացիական անհնազանդության կոչելու և վարչախմբին ճնշելու հավանական տարբերակներ:

 

09.12.2013 թ.