Ստորև ներկայացնում ենք «Նախախորհրդարանի» քարտուղարության հայտարարությունը.

 

Հայաստանի' իրար հաջորդած կառավարող վարչախմբերը որդեգրել են կենսագործունեության բոլոր ոլորտներում պետության գործառույթների կատարումից հնարավորինս ձերբազատվելու և այն ընդամենը բռնության ու հարկաբյուջետային գործառույթներ կատարող համակարգի վերածելու կործանարար գործելակերպ:

 

Նրանք այդպես են վարվում իրենց կառավարումը հեշտացնելու, ինչպես նաև երկրի ու ժողովրդի հաշվին անձնական ու կլանային շահեր հետապնդելու նպատակով, ինչը Հայաստանի պարագայում հնարավոր չէ անել առանց արտաքին ուժի աջակցության: Ուստի այդ աջակցությունն ստանալու համար առանց բացառության օտարներին, հիմնականում' Ռուսաստանին, են հանձնվում տնտեսության ռազմավարական ոլորտները:

 

Մասնավորապես, նման գործելակերպի հետևանքով կենսական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտում ՀայՌուսգազարդի' Հայաստանին պատկանող վերջին 20 % բաժնեմասի և Որոտան ՀԷԿ համալիրի օտարումից հետո երկրի գրեթե բոլոր էներգետիկ հզորությունները և բաշխիչ ցանցերը հայտնվելու են օտարի ձեռքում:

 

Այս պատճառով պետությունը գործնականում զրկվում է ինքնուրույն էներգետիկ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու հնարավորությունից և ամբողջությամբ վերածվում է օտարի շահերը սպասարկող սպառման օբյեկտի:

 

Իրավիճակի շտկումը բացառելու նպատակով ազգային շահի հաշվին օտարի շահին ծառայող և դրանից մասնաբաժին ստացող օրվա կառավարիչներն ի սկզբանե մերժում, անգամ' հալածում են երկրի էներգետիկ կախյալությունը հաղթահարելուն միտված բոլոր, մասնավորապես' էներգիայի այլընտրանքային (օրինակ' արևային, քամու) հնարավորությունների զարգացման ծրագրերը, իսկ անհնարինության դեպքում' էապես նվազեցնում են դրանց չափաբաժինն ու դերակատարումը, ինչի վառ ապացույցն է իրանական գազատարի' նախապես պայմանավորվածի համեմատությամբ ավելի փոքր տրամաչափով կառուցումը և տրամադրումը ՀայՌուսգազարդին: Նույն տրամաբանությամբ' նրանք լկտիաբար ու բացեիբաց մերժում են անգամ դիտարկել իրանական կողմի' ռուսականից ավելի ցածր գնով գազի մատակարարման բարեկամական առաջարկը:

 

Այս ամենի հետևանքով Հայաստանի քաղաքացին և հայ մարդն անտեսված ու անապահով են իրենց երկրում, չեն կարողանում արժանապատիվ կերպով ապրել և հոգալ իրենց ընտանիքների ապրուստը: Նրանց սոցիալական բազում խնդիրների շարքում, հատկապես' տարվա ցուրտ ամիսներին, էական տեղ է զբաղեցնում ընտանիքի նվազագույն կենցաղային կարիքները հոգալու և ջեռուցված կացարան ունենալու տարրական պայմանների ապահովումը:

 

Երկրում ձևավորված համակարգային ճգնաժամը արագացող տեմպերով խորանում է ինչպես ներքին պատճառներով, այնպես էլ տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող արմատական վերադասավորումներով պայմանավորված և հետզհետե ահագնացող արտաքին ճնշումների ազդեցությամբ:

 

Նման պայմաններում Նախախորհրդարանը առաջիկա ամիսներին կանխատեսում է ներքին և արտաքին զարգացումների սրացում, ինչն ուղեկցվելու է բնակչության սոցիալական խնդիրների սրացմամբ և արտագաղթի ծավալի մեծացմամբ:

 

Ուստի, Նախախորհրդարանը, օր առաջ ժողովրդի շահերն արտահայտող Նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագրի իրագործման քայլերին զուգահեռաբար, դիտարկում է նաև բնակչության անհետաձգելի սոցիալական կարիքների բավարարման նվազագույն պայմանների ապահովման նպատակով ժողովրդին քաղաքացիական անհնազանդության կոչելու և վարչախմբին ճնշելու հավանական տարբերակներ:

 

09.12.2013 թ.