Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Պետական նպաստների մասին» օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ նպաստներ տալու հաշվառման համակարգը հարկավոր է փոխել, քանի որ վստահություն չեն ներշնչում աղքատության վերաբերյալ կառավարության ներկայացրած ցուցանիշները:

 

«Ընտանիքների անապահովությունը գնահատվում է ՝ առանց հաշվի առնելու այդ ընտանիքների եկամուտներն ու ծախսերը, այդպիսով՝ անարդարության տարրը պահպանվում է սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ՝ նրանց զրկելով նպաստից: Անապահովության գնահատման այսօրվա համակարգը չի արտացոլում իրական պատկերը, հաշվի առնված չէ, օրինակ, ավանդ ունենալու ու դրա դիմաց տոկոսները ստանալու հնարավորությունը, որովհետև ավանդը համարվում է բանկային գաղտնիք»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ արդարացիորեն իրենց եկամուտները ցույց տվող անապահով ընտանիքները կարող են դուրս մնալ նպաստառուների թիրախային խմբից, ուստի պետք է փոխել հաշվառման համակարգը:

 

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ, խոսելով ծնելիության ու նպաստների մասին, ասաց. «Ծնելիությունը կապ ունի ավելի շատ մարդու բարոյական, ընտանեկան հանգամանքների, «ազգ», «ժողովուրդ» հասկացություների հետ, քան' փողի ու վճարունակ լինելու, որովհետև աղքատ ընտանիքներում ավելի շատ երեխա է ծնվում, քան ունևոր ընտանիքներում»: