«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը պատրաստվում են հինգշաբթի օրը բազմամարդ ցույց կազմակերպել Կառավարության շենքի դիմաց:

 

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:

 

Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։

 

2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։

 

Բնակարանատերերից Մկրտիչ Ազնավուրյանը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ բնակարանատերերին խաբում է ոչ միայն «Արցախբանկը», այլ նաև' Կենտրոնական բանկը:

 

«Տոնուսցիների հետ բանակցությունների պատասխանատու Աշոտ Գոմցյանը խուսափում է հանդիպումներից և ոչինչ չի ասում ո’չ ժամկետների, ո’չ էլ հարցի լուծման տարբերակների մասին: Թե’ «Արցախբանկը», և թե’ Կենտրոնական բանկը խոստացան, որ կտեղեկացնեն մեզ ձեռնարկվելիք քայլերի մասին, բայց մեր' Կենտրոնական բանկի շենքից դուրս գալուն պես խնդիրը' լուծված և հարցը փակված համարեցին: Այժմ նրանք հրաժարվում են հանդիպումներից: Նրանք կարծում են, որ մենք պետք է սպասենք, չհարցնենք և չխառնվենք, իսկ դա բացառվում է. 160 մարդ սպասում է իրենց պատասխանին, բայց իրենք ձգձգում են, ոչ մի պատասխան չեն տալիս: Նրանք արգելել են նաև բանկի կառավարիչներին հանդիպել մեզ հետ»,- ասաց Ազնավուրյանը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ բնակիչները բողոքի ակցիա էին անցկացրել Կենտրոնական բանկի դիմաց, հանդիպել Կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի հետ և քննարկել խնդրի լուծման տարբերակներ:

 

Ազնավուրյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ եթե Կառավարության դիմաց բազմամարդ ցույցերը խնդրին լուծում չտան, իրենք ցույցեր կկազմակերպեն նաև Բաղրամյան 26-ի դիմաց:

 

Ի դեպ, մեզ հետ զրույցում Ազնավուրյանը նշեց նաև, որ 160 բնակարանատերերին այս անորոշության մեջ կառավարել հնարավոր չէ, և ամեն մեկն ինքն է ընտրում պայքարի իր ճանապարհը:

 

«Հավանականությունը մեծ է, որ այդ 160 հոգու մեջ ոչ ադեկվատ քայլերի դիմողներ էլ կարող են լինել, կարող են նաև չլինել: Այնպես չէ, որ այդ զանգվածը մեկ-երկու հոգու կողմից կառավարելի է: Երբ ժողովրդին դնում են անորոշության մեջ, ոչ մի ինֆորմացիա չեն տալիս, մարդիկ սկսում են ինքնուրույն լուծումներ փնտրել»,- ասաց նա:

 

Ազնավուրյանը հիշեցրեց, որ երբ նոյեմբերի 28-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի «Արցախբանկի» Կիևյան մասնաճյուղում պայթուցիկ սարք է տեղադրված, այդ հանգամանքը բանկն օգտագործում է «տոնուսցիների» հետ չշփվելու և նրանց խնդիրներին չարձագանքելու համար:

 

Նշենք, որ այդպես էլ բանկի տարածքում պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել, իսկ որոշ բնակարանատերեր էլ չեն բացառում, որ հնարավոր է' կեղծ ահազանգը կազմակերպած լինի բանկը: