Բացառված է, որ Գառնիկ Իսագուլյանը գնա Եվրամայդան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով օրերս մեկնել է Կիեւ: Նրա խոսքով, ինքը, այլ երկրների ներքին գործերին միջամտելու, ոչ մի ցանկություն չունի:

 

Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից՝ նա ասաց, որ դա ուկրաինացիների ներքին գործն է: Սակայն շատ լավ կլիներ, որ այդ ներքին գործերին արտաքին ուժեր չմիջամտեին: «Բայց, ցավոք սրտի, տեսանելի է, որ նույնիսկ բացահայտ միջամտություն կա Ուկրաինայի ներքին գործերին եւ չեմ կարծում, որ դա Ոկրաինայի համար լուծման լավագույն տարբերակն է»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

 

Նա կարծիք հայտնեց, որ Ուկրաինայի իշխանությունները պարտավոր են իրենք հաշվարկ անել, թե որ ուղղությունն է իրենց երկրի համար ամենանպաստավորն ու ամենակարեւորը: «Պետք է հասկանալ մեկ բան, որ իսկապես ընթանում են աշխարհաքաղաքական բավականին լուրջ գործընթացներ եւ այդ գործընթացների մեջ իսկապես շատ երկրներ կան, որ ցանկանում են Ռուսաստանի շուրջ ստեղծել որոշակի բուֆերային գոտի: Հիմա այդ գործընթացն է»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը եւ ավելացրեց, որ միշտ համարել է, որ ռուս, ուկրաինացի եւ բելառուս ժողովրդները իսկապես եղբայրական ժողովուրդներ են, բայց Ուկրաինան պետք է ընտրություն կատարի: