Անչափահաս աղջկան առևանգելու մեջ մեղադրվող ընկերախմբի անդամներից վերջինն ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, նախաքննական մարմինը վերսկսել է կասեցված մասի քննությունը, իսկ դատարանն էլ՝ կայացրել մեղադրական դատավճիռ: Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը 2012 թվականի մայիսի 2-ին իր ընկերոջ' Կորյուն Գևորգյանի խնդրանքով, վերջինիս համար ամուսնության նպատակով՝ անչափահաս աղջկան առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել և իրենց ընդհանուր ընկեր Քաջիկ Մուսայելյանի հետ նույն օրը Երևանի «Էրեբունի» բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են աղջկան:

 

Մասնավորապես, Կորյուն Գևորգյանը թիկունքից, իսկ Քաջիկ Մուսայելյանը և Գևորգ Հարությունյանը ոտքերից բռնելով աղջկան ուժով նստեցրել են տաքսի ավտոմեքենան, որն անմիջապես շարժվել է և բացահայտ առևանգված աղջիկը տեղափոխվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ, որտեղից Գևորգ Հարությունյանը նույն տաքսի ավտոմեքենայով հեռացել է։ Ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը մինչև դատաքննությունն սկսելը միջնորդել է դատարանին կիրառել դատական քննության արագացված կարգ՝ հայտարարելով, որ համաձայն է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առևանգելը, իրեն առաջադրված մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում։

 

Դատարանը բավարարել է միջնորդությունը: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, դեկտեմբերի 13-ի դատավճռով ամբաստանյալ Գևորգ Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և նրան դատապարտել պայմանական ազատազրկման՝ 4 տարի ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով։

 

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել անկեղծորեն զղջալը, նախկինում դատվածություն չունենալը, դրական բնութագրվելը, ինչպես նաև այն, որ ամբաստանյալի մոտ, ըստ պաթոլոգաանատոմիական հետազոտության տվյալների, առկա է ոսկրաաճառային, սրունքի վերին երրորդի և ստորին երրորդի երկու կտոր, խոնդրո-սարկոմա՝ բազմակի էկդոստոզի հիմքի վրա, ամբաստանյալը կարիք ունի մշտական հետազոտության և բժշկական հսկողության։ Առավել մանրամասն՝ այստեղ: