Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով խմբակային խուլիգանության և խմբակային սպանության հոդվածներով մեղադրանք է առաջադրված երեք անձի՝ Սամվել Դիլոյանին և Արեն ու Արտակ Վերանյան եղբայրներին: Եվ ներկայիս մեղադրանքով օրենքը պատիժ է նախատեսում մինչև ցմահ ազատազրկում: Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանը, սակայն, մեղսագրվող արարքում իրենց մեղավոր չեն ճանաչում: Դեպքի հաջորդ օրը Վերանյան եղբայրներից Արտակն է ներկայացել իրավապահներին և խոստովանական ցուցմունք տվել, որ ինքն է հարվածել Շարբաթյանին և գազային ատրճանակով կրակել նրա ուղղությամբ, նաև ներկայացրել է նշված ատրճանակը:

 

Շարբաթյանի գործով մեղադրանքն առաջադրվել է հիմնականում վկաների ցուցմունքների հիման վրա, այնինչ վկաներն իրենք են մեղադրանքից տարբեր՝ այլ իրողություն ներկայացնում դատարանում' միաժամանակ հիմնավորելով, թե ինչու և ինչ հանգամանքներում են իրենց անունից կամ իրենց փոխարեն գրվել խիստ մեղադրական բովանդակությամբ նախաքննական այդ ցուցմունքները, որոնք էլ դրվել են մեղադրանքի հիմքում: Դատարանում քայլ առ քայլ բացահայտվող ճշմարտությամբ հիմնավորվում է, որ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանն իսկապես առնչություն չունեն սպանության դեպքի հետ:

 

Դատակոչված երկու կարևոր ականատես վկաները' հանգուցյալի քրոջ որդին՝ Հայկ Ասլիկյանն, ու հանգուցյալի ընկերը՝ Էդվարդ Խլղաթյանը, ում ռեստորանում տեղի է ունեցել դեպքը, երկուսն էլ հրաժարվել են իրենց նախաքննական մեղադրող ցուցմունքներից: Նրանց՝ դատարանում տված ցուցմունքները Lurer.com-ն արդեն հրապարակել է:

 

Վկա Հայկ Ասլիկյանի հիմնավորմամբ' նախաքննական ցուցմունքներում իր կողմից շարադրված դեպքի նկարագրությունը, թե Դիլոյանն ու Վերանյան եղբայրները երեքով' ձեռքերի ու ոտքերի բազմաթիվ հարվածներով ծեծելով սպանել են իր քեռուն, չի համապատասխանում իրականությանը: Պարզապես քննիչի ուղորդմամբ իր առաջին ցուցմունքում այդպես ներկայացնելով դեպքը և այնուհետև նրա կողմից անընդհատ նախազգուշացվելով ցուցմունքից հրաժարվելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու մասին' ամեն անգամ նույն ուղորդված ցուցմունքն է պնդել: Վկան, դատարան ներկայանալով արդեն փաստաբանի հետ, վերջինիս կողմից տեղեկացված էր այն օրենդրական նորմին, որ մինչև դատաքննության ավարտը ճիշտ ցուցմունքներ տալու և նախկին սուտ ցուցմունքներից հրաժարվելու դեպքում կազատվի քրեական պատասխանատվությունից: Ի դեպ, փաստաբանը վկա Հայկ Ասլիկյանի կողմից գործում ներգրավվել է փետրվարից, և դրանից հետո նրա ներկայությամբ մեղադրյալ Սամվել Դիլոյանի հետ առերես հարցաքննության ժամանակ վկան արդեն մասնակի հրաժարվել էր իր տված նախկին ցուցմունքներից:

 

Դատարանում Հայկ Ասլիկյանի հարցաքննության ժամանակ պաշտպան Ռուբեն Հակոբյանը հարց ուղղեց վկային, թե ամբաստանյալ Սամվել Դիլոյանին իր հետ ծանոթացնելիս ինչպես են ներկայացրել նրան: Վկան պատասխանեց, որ անունով են ներկայացրել' Սամվել, իսկ ազգանունը սեղանի շուրջ խոսակցություններից է իմացել: Ինքը նրան դիմել է Սամվել կամ Դիլոյան ձևով: Պաշտպանի հարցին' նրա անունը Սամվելիկ ձևով լսե՞լ է, որ ցուցմունքում գրել է Սամվելիկ, վկան պատասխանեց, որ չի լսել:

 

Պաշտպան Հակոբյանը արձանագրեց, որ ամբաստանյալ Սամվել Դիլոյանին վկային ներկայացրել են որպես Սամվել, վկան նրան դիմել է Սամվելով, բայց իրենից տարիքով մարդու մասին ցուցմունքում գրում է «Սամվելիկ»: «Դիլոյան Սամվելին քաղաքում Սամվելիկ կարող են դիմել մեկ կամ երկու հոգի»,- նշեց պաշտպան Հակոբյանը' նաև սրանով հիմնավորելով, որ թելադրել, ուղորդել են ականատես վկայի նախաքննական ցուցմունքները: