Դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

 

Վիենայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման և Կիևում դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների համատեքստում զրույցի ընթացքում շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու վերաբերյալ:

 

Հայաստանի արտգործնախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Տավուշի մարզի սահմանային գոտում ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով դեկտեմբերի 14-ին հայ զինծառայողի մահվան վրա:

 

Նախարարն ընդգծեց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ, այլև քաղաքացիական անձինք, գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

 

Հանդիպմանը արծարծվեց հաջորդ տարեսկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: