Երեկվա խորհրդարանական լսումներն ուշագրավ էին ոչ միայն ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի' գազի գնի վերաբերյալ հայտարարություններով, այլ նաև նրան ուղղված' ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցով: Հիշեցնենք, որ պատգամավորի հարցը վերաբերում էր գազի որակին, և իր հարցն ավելի ընկալելի դարձնելու համար, նա բերեց հետևյալ համեմատությունը. «Սովետի ժամանակ քնից վեր էին կենում, սուրճը դնում էին կրակին, խմում, հետո իջնում գոմ, կերակրում անասուններին, հետո գնում էին կոլխոզ' աշխատելու: Հիմա սուրճը դնում են գազին, գնում են անասուններին կերակրում են, գալիս են տուն կնոջը երկու անգամ սիրում են, այդ ընթացքում սուրճը նոր հասցնում է եռալ»: Իսկ նախարար Արմեն Մովսիսյանը նույն ոճով բացատրել էր, որ հիմա արդեն շատ արագ են կնոջը սիրում, պետք է խորհուրդ տալ մի քիչ դանդաղ սիրել:

 

Yerkir.am-ը փորձեց Լյովա Խաչատրյանից պարզել' բավարարե՞լ է արդյոք նախարարի պատասխանը: Պատգամավորը հայտարարեց. «Այդ պատասխանը պետք է կանանց բավարարեր: Ես բավարարվելու խնդիր չունեմ: Ասեմ ավելին' ես կարող եմ կառավարության մի շարք անդամների բավարարել»: Մեր ճշտող հարցին' նկատի ունեք կառավարության իգակա՞ն սեռի ներկայացուցիչներին, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, եվրոպական սեռի ներկայացուցիչներին»: