Վաղը՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Ազգային ժողովը պատրաստվում է վավերացնել հայ-ռուսական մի շարք նվաստացուցիչ պայմանագրեր, որոնք դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրել են Սերժ Սարգսյանն ու Պուտինը: Այդ պայմանագրերը հակիրճ կարելի է բնութագրել որպես Հայաստանի քաղաքական եւ տնտեսական վերջնական կապիտուլյացիա: Նախ, Հայաստանը հանձնում է որոշումներ կայացնելու իրավունքն ինչ որ «նախագահական խորհրդի», եւ երկրորդ՝ Ռուսաստանը տնտեսական լայնածավալ մենաշնորհներ է ստանում Հայաստանում, մասնավորապես՝ էներգետիկ-ենթակառուցվածքային:

 

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի խորհրդարանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխանության կորուստը:
Այս ամենը վերջին օրերին, երբ հայտնի դարձան պայմանագրերի մանրամասները, դարձել է հայկական քաղաքական դասի իրական բնույթի ու մոտիվների արտահայտությունը: Իշխանության դեպքում ամեն ինչ պարզ է՝ այն արդեն չի էլ թաքցնում, որ հանուն սեփական դիրքերի ու նեղ խմբակային շահերի՝ հանձնում է երկրի ինքնիշխանությունը: Ընդդիմության դեպքում, ըստ էության, նույնպես մինչ այժմ ամեն ինչ պարզ է՝ նրանք տեղավորվել են ոմն սխեմայում եւ նույնպես փորձում են լուծել սեփական խնդիրները:

 

Այս հանգամանքը հատկապես ակնհայտ դարձավ խորհրդարանում գազի վերաբերյալ լսումների ժամանակ: ՀՅԴ-ն դրանց պարզապես չմասնակցեց, իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, «հերթական անգամ բացահայտելով իշխանության հանցավոր դեմքը», հմտորեն շրջանցեցին մի շարք հարցեր:

 

Մասնավորապես, այս ուժերն ընդհանուր առմամբ կո՞ղմ են հայ-ռուսական պայմանագրերին, թե ոչ: Օրինակ, ոչ իշխանական ուժերն արդյոք պայքարելու են, որպեսզի Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի վերաբերյալ այդ օրենքները չվավերացվեն, կամ գոնե հետաձգվեն: Կարո՞ղ են արդյոք ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն խոչընդոտել հակապետական եւ հակազգային այդ պայմանագրերի վավերացմանը, մանավանդ որ այս ուժերն էլ են համաձայն, որ պայմանագրերը հարվածում են Հայաստանի շահերին: Թե՞ կբավարարվեն հերթական անգամ «իշխանության հանցավոր դեմքը» բացահայտելով:

 

Այդ դեմքն այնքան հանցավոր է, որ հանգիստ կբավականացնի նույնիսկ ամենօրյա բացահայտման մինչեւ 2043 թվականը, երբ ներկայիս շատ գործիչներ տարիքի բերումով արդեն չեն լինի: Հիշեցնենք, սա այն թվականն է, մինչեւ երբ Հայաստանը չի կարող ընդունել որեւէ օրենք կամ պայմանագիր, որը հակասում է Ռուսաստանի շահերին: Եւ ահա, «2043-ի շրջանակում» ի՞նչ խնդիր պետք է լուծվի՝ մի կողմից պետության, հանրության եւ մյուս կողմից՝ քաղաքական ուժերի շահերի տեսակետից:

 

Կա՞ արդյոք հնարավորություն տապալելու հակապետական պայմանագրերի վավերացումը, ինչը կնպաստի նաեւ իշխանության հեռացմանը: Կա՞ արդյոք այդպիսի խնդիր: Ոչ իշխանական ուժերն ընդունա՞կ են պայքարել այս ուղղությամբ,: Պուտինը կբարկանա՞: Թե՞ ականատեսն ենք դառնալու ոչ իշխանական ուժերի հերթական երեսպաշտությանը, որի ծավալները մինչ այժմ փաստացի համատեղելի են եղել իշխանության հանցավոր դեմքի ծավալներին: