Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն Ազատություն ռադիոկայանի համար պատմելով, թե ինչու Հայաստանը Եվրամիության հետ մոտ չորս տարի տեւած բանակցությունից հետո ընտրեց Մաքսային միությունը, ասում է, թե սկզբում բանակցելով ասոցացման համար, Հայաստանը կարծում էր, թե հնարավոր է պահպանել ռազմավարական հարաբերությունը Ռուսաստանի հետ եւ միաժամանակ Ասոցացվել Եվրամիությանը:

 

«Մեզ թվում էր, թե մենք կարող էինք Ռուսաստանի հետ ստրատեգիական պարտնյորությունը շարունակել, միևնույն ժամանակ Եվրամիության ասոցացված անդամ դառնալ, և դա շատ խելոք քայլ կլիներ։ Բայց ինչ-որ պահից հետո Եվրոպան հայտարարեց՝ «կամ էս կողմ, կամ էն կողմ, չես կարող երկու հարաբերությունները շարունակել»։ Դա միանգամից բորբոքեց Ռուսաստանի ղեկավարությանը։ Եվ մենք փաստորեն մենք ընկանք երկու «թասիբների» արանքը», ասում է Վազգեն Մանուկյանը:

 

Այո, այո, ոչ թե Գալուստ Սահակյանը կամ Վարդան Այվազյանն են ասում, այլ Վազգեն Մանուկյանը: Բանն այն է, որ երբ Գալուստ Սահակյանը կամ Վարդան Այվազյանը, կամ նրանց հանրապետական որեւէ կուսընկեր է իրավիճակը նենգափոխելով կամ խեղաթյուրելով ներկայացնում հանրությանը, դա միանգամայն օրինաչափ է ու սպասելի: Իսկ ահա երբ խնդիրը նենգափոխված կամ խեղաթյուրված ներկայացնում է մարդ, ով Արցախի պատերազմի ծանր իրավիճակում ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնն ու կարողացավ առնվազն չխանգարելով եւ անհարկի միջամտություններ թույլ չտալով նպաստել իրավիճակի բեկմանը, դա արդեն ոչ թե տարօրինակ է, այլ խիստ ցավալի:
Ինչու է Եվրոպան խոսել «կամ-կամ»-ի մասին ոչ թե ամենասկզբից, այլ ընթացքում:

 

Շատ պարզ պատճառով՝ որովհետեւ ընթացքում է օրակարգում հայտնվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդիրը: Երբ չկա այդ միությանն անդամակցելու խնդիրը, չկա նաեւ «կամ-կամ»-ի խնդիր: Եվրոպան Հայաստանի առաջ «կամ-կամ»-ի գլոբալ հարց չի դրել երբեք: Ավելին, բազմաթիվ են եվրաչինովնիկների հայտարարությունները, որ եթե Հայաստանն ազատ առեւտրի մեջ է ԱՊՀ երկրների հետ, ապա դա Եվրոպայի համար որեւէ խնդիր չի առաջացնում, իսկ ահա եթե Հայաստանը մտնի երկրների Մաքսային միություն, ապա դա իրավական առումով Եվրամիության հետ Ասոցացման մասով կլինի անհամատեղելի:
Մի՞թե այդքան դժվար է հասկանալ այդ պարզ բանը: Թե՞ պարզապես պարզ բաները խեղաթյուրելն է շատ հեշտ՝ ինչ-ինչ քաղաքական կամ անձնական նպատակներով:

 

Այսինքն, իրականում ոչ թե Եվրոպան պայման դրեց, որից էլ իր պայմաններն առաջ բերեց Ռուսաստանը, այլ Ռուսաստանը առաջ բերեց Մաքսային միության հարցը, մտցրեց այն Հայաստանի հետ հարաբերության օրակարգ, որին էլ արձագանքեց Եվրոպան: Ընդ որում, երբ Լեհաստանում այդ երկրի նախագահ Կոմարովսկին սեպտեմբերի 3-ից դեռ շատ ամիսներ առաջ, Սերժ Սարգսյանի կողքին կանգնած նրա «եւ-եւ»-ի մասին հայտարարությունից հետո հստակեցրեց, որ կոնկրետ Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միության մասով իրավիճակը «կամ-կամ» է, Սերժ Սարգսյանը ոչ այդ պահին, եւ ոչ էլ հետո որեւէ առարկություն չի ներկայացրել, չի ասել, թե «արա Եվրոպա, էս ինչ ես ասում, բա մենք դրա համար էի՞նք հավաքվել էս չորս տարի ա»:

 

Այսինքն, Հայաստանի իշխանությունը շատ լավ գիտեր, թե ինչն է «եւ-եւ» ու ինչն է «կամ-կամ»: Հետեւաբար, Վազգեն Մանուկյանին երեւի թե հարկ չէ միանալ իշխանական մեծ ստին ու կեղծիքին, թեեւ իհարկե նա ազատ է կատարել իր ընտրությունը: Պարզապես, պետության առաջ նրա վաստակն է ափսոս, եւ եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Վազգեն Մանուկյանը ներկայումս չի կարող երեւելի դերակատարում ունենալ հասարակական-քաղաքական կյանքում, ապա գոնե իշխանության ստին ու կեղծիքին չմիանալ կարո՞ղ է , թե ոչ:

 

Հայտարարությունները, թե Հայաստանը դարձավ Եվրոպայի ու Ռուսաստանի հակադրության զոհը, մեղմ ասած հանրությանը մոլորության մեջ գցելու եւ Հայաստանի իշխանության կապիտուլյացիոն քաղաքականությունն արդարացնելու տարբերակներ են: Աշխարհը մրցակցություն է, եւ այդ մրցակցությունը լինելու է միշտ, փոխվելու է դինամիկան կամ մրցակցության արտահայտչաձեւերը, սակայն մրցակցությունը լինելու է եւ դառնալու է ավելի լարված: Փոքր պետություններն այդ մրցակցության մեջ միշտ էլ վտանգված են, բայց առավել եւս վտանգված են, եթե կարող են տեղի տալ շանտաժների ու սպառնալիքների, չունենալով այդ մրցակցության մթնոլորտին դիմակայելու եւ դրանից օգտվելու, սեփական խնդիրներն առավելագույնս լուծելու կոմպետենտություն, բարոյական ու մտավոր, կամային անհրաժեշտ հատկանիշներ, եթե այդ պետություններում առկա է անձնական շահը պետության շահից վեր դասող քաղաքական ու տնտեսական «էլիտա»:

 

Վազգեն Մանուկյանը, պատերազմի հաղթանակների նախարարը հայտարարում է, որ եթե Հայաստանը մերժեր Ռուսաստանին, ապա Կովկասում լարվածություն կլիներ, հետեւաբար Մաքսային միություն գնալը ճիշտ էր: Այսինքն, ճիշտ էր Հայաստանի կապիտուլյացիան, ինքնիշխանության հանձումը Ռուսաստանին: Ընդ որում, հանձնումը ինչի՞ դիմաց՝ խաղաղությա՞ն: Իհարկե ոչ, որովհետեւ դեկտեմբերի 2-ին Պուտինը եկավ ու ցույց տվեց, որ Ռուսաստանը պատերազմի է պատրաստվում, ոչ թե խաղաղության: Հայաստանի ինքնիշխանությունը հանձնվեց ընդամենը կուսակալի կարգավիճակի դիմաց, եւ հետագայում այդ պաշտոնի հավակնորդների հարցը Մոսկվան լուծելու է ըստ կուսակալության թեկնածուների իրեն մատուցած նվերների ու ծառայության ծավալի:

 

Չի՞ պատկերացնում արդյոք այդ ամենը Վազգեն Մանուկյանը: Իհարկե պատկերացնում է: Ինչպե՞ս չի կարող պատկերացնել մարդ, ով ստացել է Հայաստանի անկախության կորստի առաջին հարվածը 1996-ին: Ուրեմն ինչու՞ է Վազգեն Մանուկյանը մտնում այդ խաղի, նենգափոխման այդ գործընթացի մեջ: Հանրային խորհրդի նախագահի տե՞ղն է թանկ, թե օրերս Երեւանում նրա հետ հանդիպում խնդրած Դավութօլուն է ինչ որ բան ասել:
Վազգեն Մանուկյանին քաղաքականություն սովորեցնելն ինչ որ առումով լկտիություն կլիներ: Միեւնույն ժամանակ, ի՞նչ է պետության ինքնիշխանության հանձնումը արդարացնելը: 

 

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ