Հայաստանում տեղի չունեցան Կիևում տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնցից հետո Ռուսաստանը փորձում է «առնել» Ուկրաինան՝ առաջարկելով 15 միլիարդ՝ այդ երկրի պետական պարտատոմսերը գնելու նպատակով, մինչդեռ նույն Ռուսաստանը Մաքսային միությանն անդամակցող Հայաստանից վերցնում է «ՀայՌուսգազարդում»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնետոմսերը, այս մասին Tert.am –ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը։

 

Քաղաքական գործիչն այս տարբերությունը բանաձևում է որպես՝ ցանկացած պայքար, որը հանգեցնում է տվյալ պետության համար հնարավորությունների ավելացմանը:

 

«Քանի որ Ուկրաինայի հասարակությունը շատ ավելի հասուն, իսկ քաղաքական դաշտը շատ ավելի հստակ և առողջ է, դա անզեն աչքով երևում է, որովհետև երբ ուրվագծվեց, որ Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը, դա պետք է մտահոգության տեղիք դառնար քաղաքական ուժերի համար: Եվ ոչ միայն Սահմանադրական դատարան դիմեին կուտակային կենսաթոշակների հարցով, այլ նաև այդ հարցով պիտի պատրաստ լինեին: Բայց, ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասի համար, կարծեք թե, պարզապես կարևոր չէր, թե ինչ է տեղի ունենում»,- հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը:

 

Հիշեցնենք, որ ըստ հեղինակավոր The Guardian–ի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրեց Ուկրաինայի համար պայքարի նշաձողը՝ հայտարարելով, որ Մոսկվան 15 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինայի պետական պարտատոմսերի գնմանը, և Ուկրաինայի համար ռուսական գազի գինը կզեղչվի մեկ երրորդով:

 

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցելու՝ ՀՀ իշխանությունների որոշման դեմ պայքարի «լավագույն օրինակը» դեկտեմբերի 2–ն էր՝ Ազատության հրապարակում ընդդեմ ՄՄ-ի հանրահավաքն ու երթը, որը իշխանությունների համար դարձավ «բարոյականության գագաթնակետը»:

 

«Երբ փողոց դուրս եկած մի քանի հարյուր մարդուց 110–ին ոստիկանական բաժանմունքներ տանելն էր: Այսինքն, ցավոք սրտի, սա է Հայաստանի պետական-քաղաքական դաշտի պատկերը, երբ մեր ինքնիշխանության կորստի դեմ բողոքողին տանել ոստիկանական բաժանմունք, իսկ ընդդիմությունն էլ անտարբեր է»,– ասաց նա:

 

Որպես ամփոփում Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ թեև չի կարծում, որ Ուկրաինայի ռուսականացումը բխում է այս երկրի շահերից, բայց, այնուամենայնիվ, Ուկրաինայի դերը քաղաքական թատերաբեմում էականորեն բարձրացել է:

 

Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բանաձևը այս տարբերության մասին հետևյալն է. Հայաստանի պարագայում մենք տրվեցինք, մեզ առաջարկում են, Ուկրաինան չի տրվում, նրանց փորձում են առնել:

 

Սակայն առաջարկների մասով նրա համար ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Նախ, նա ասաց, թե վստահ է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր իսկ բնորոշմամբ՝ Եվրամայդանը ցրելուն միտված Ռուսաստանի այս առաջարկից ելնելով՝ ուկրաինական ժողովրդի փոխարեն որևէ զիջման չի գնալու և որ դա ընդամենը առևտուր անելու փորձ է:

 

Իսկ Ռուսաստանն էլ, ըստ Արթուր Սաքունցի, ամեն գնով պատրաստ է ամեն տեսակ ճնշում գործադրել ցույց տալու, որ շատ բան ունի առաջարկելու, իսկ իրականում ոչ մի բան չունի առաջարկելու:

 

«Եվ իր իշխանության գոյությունը հիմնավորելու համար, նրա նշանակությունը ցույց տալու համար առաջարկում է: Իսկ հիմնականն արկածախնդրությունն է, որովհետև 53 միլիարդ ծախսել Սոչիի օլիմպիադայի վրա, 15 միլիարդ տալ … Ըստ որում, համոզված կարող եմ ասել՝ դա ընդամենը խոստումներ են, դեռ հարց է՝ ինքը կարողանալո՞ւ է այդ 15 միլիարդը տալ»,-նկատեց իրավապաշտպանը:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այս տարբերակված մոտեցումը, կոնկրետ գազի գնի՝ Ուկրաինայի համար գազի գնի էական նվազեցման և 15 միլիարդի հատկացման առումով պայմանավորեց այլ գործոններով։

 

«Առանց Ուկրաինայի Ռուսաստանը, ըստ իս, ընդամենը ազգային պետություն է, Ուկրաինայի հետ միասին, հսկայական կայսրություն է»:

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ բազմիցս ասվել է, որ պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն վարեինք, որ Ռուսաստանն ինքը կարողանար ճիշտ հասկանալ և գնահատել վասալի և ռազմավարական գործընկերոջ տարբերությունը: