Հայաստանում առաջին 5 ամիսների ընթացքում ծնվել է 7335 աղջիկ և 8528 տղա:
Newsbook-թղթակցի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ աղջիկների անունների տասնյակի առաջին տեղում զբաղեցնում է Նարեն:

 

«Այս տարվա առաջին 5 ամիսների տվյալներով՝ Հանրապետությունում ծնված աղջիկներից 372 –ին ծնողներն անվանել են Նարե, երկրորդ տեղում է Մարին՝ 285, տասնյակի մյուս հորիզոնականները զբաղեցնում է Մանեն՝ 269, Միլենա՝ 253, Անի՝ 228, Անահիտ՝192, Մարիամ՝ 184, Մարիա՝182, Էլեն՝ 171 և Աննա են անվանվել 156 նորածին»,-տեղեկացրեց Կարինե Կույումջյանը: Իսկ ահա տղաների անունների լավագույն տասնյակը բացում է Դավիթը, հենց այսպես է կոչվել 514 մանուկ: 8528 տղաներից 451-ին կոչել են Նարեկ, 272-ը՝ Գոռ, 244-ը՝ Հայկ, 228-ը՝ Ալեքս, 184-ը՝ Արման, 183՝-ը Տիգրան, 176-ը՝ Էրիկ, իսկ ահա 175 երեխաների ծնողներ նախընտրել են իրենց փոքրիկին անվանել Սամվել, 169 Ալեն:

 

Կարինե Կույումջյանն ընդգծեց, որ հիմա ծնողները փորձում են ընտրել ժամանակին համահունչ գեղեցիկ անուններ: Նա նաև նշեց, որ ըստ վերջին երեք տարիների վիճակագրության՝ տղաների անունների առաջին երեք հորիզոնականներում տատանվում են Նարեկ, Գոռ, Դավիթ անունները, իսկ ահա աղջիկների պարագայում մի քանի հորիզոնական ներքև է իջել Միլենա անունը՝ տեղը զբաղեցնելով Նարե, Մարի անուններին: