Երեկ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը լքել է Սեգեժայի գաղութը և մեկնել Գերմանիա: Նախկինում ռուս տարբեր գործիչներ  խոսում էին, թե Միխայիլ Խոդորկովսկին ներման դիմում գրելով ընդունում է իր մեղքը և հետագայում ՅՈՒԿՕՍ-ի ունեցվածքի համար չի կարող պայքարել:

 

Վերջինս երեկ հայտարարել է. «Նոյեմբերի 12-ին ես դիմել եմ ՌԴ նախագահին ներում շնորհելու խնդրանքով՝ ընտանեկան իրավիճակից ելնելով և ուրախ եմ դրական լուծման համար: Մեղքը ընդունելու մասին հարց չի դրվել»: 

 

Խոդորկովսկու ազատության առիթով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է. «Վաշինգտոնին միշտ անհանգստացրել են ընթացակարգային խախտումները և Ռուսաստանի դատական համակարգի ընտրողականությունը, այդ թվում Խոդորկովսկու և նրա գործընկերոջ՝ Պլատոն Լեբեդևի նկատմամբ»:

 

Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է. «Գերմանայի կառավարությունը գնահատում է Գենշերի ջանքերը, ով «անդրկուլիսային մեծ աշխատանք է կատարել այդ գործի հաջողության համար»:

 

Վլադիմիր Պուտինի նմանօրինակ քայլը մտորելու տեղիք է տվել: Ըստ վարկածի՝ Խոդորկովսկուն փոխանակել են որևէ ռուս լրտեսի ազատության դիմաց: Վարկածներից մեկն էլ այն է, որ վերջինիս ազատել են միայն այն պայմանով, որ նա լքի Ռուսաստանը:

 

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 22-ին Միխայիլ Խոդորկովսկին մամուլի ասուլիս կտա: