Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը դատապարտյալների դիմումների որոշումները կայացնում է գրեթե կամայական՝ առանց պատճառաբանության ու հիմնավորման:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս հիմնականում այն ժամանակ, երբ լինում է քաղաքական որոշում: Նա նմանատիպ որոշում համարեց նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին վաղաժամկետ ազատ արձակելու՝ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում համատարած մերժումներ են, հիմնավորում չես կարողանում տեսնել: 2013թ-ի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում այս անկախ հանձնաժողովը ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներից ստացել է 960 անձանց դիմում, որոնցից 599–ը մերժվել է, հավանություն է տրվել 272-ին»։

 

Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ խնդիրն իրականում ոչ այնքան թվերի մեջ է, որքան մերժումների չպատճառաբանված լինելու:
«Եթե անձը ինչ-որ հանցագործության համար դատապարտվել է, նա կարող է ազատվել իր պատժի 1/3 կամ ½ մասը կրելուց հետո՝ կախված նրանից, թե որ հոդվածով է դատապարտված: Նա այս մասին գիտի և իրեն պատշաճ կերպով է պահում քրեակատարողական հիմնարկում: Հիմնարկի վարչակազմն անկախ հանձնաժողով է ներկայացնում նրա տվալները, իսկ վերջինս մերժում է, բայց թե ինչ հիմքով՝ չենք կարողանում իմանալ: Քրեակատարողական հիմնարկներում ամենամեծ դժգոհությունը հենց հանձնաժողովների նկատմամբ է: Նրանք ուզում են իմանալ, թե ինչ հիմքով են մերժվել»,-ասաց իրավապաշտպանը:

 

Հարցին, թե ինչ է անհրաժեշտ փոխել հանձնաժողովի աշխատանքի մեջ, Ավետիք Իշխանյանը պատասխանեց՝ անհրաժեշտ է լուծարել այն և որոշ ժամանակով անցնել հին մեթոդին:
«Սկզբնականում շրջանում դրանք կարող են գործել հնի նման, երբ նման հանձնաժողովներ կային քրեակատարողական հիմնարկներում: Նրանք իրենց որոշումները ներկայացնում էին դատարան: Եթե այս տարբերակն էլ արդյունավետ չլինի, կարող ենք մտածել՝ ինչ անել»,-ասաց նա: