«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացումը հայ մտավորականները չեն ողջունում:

 

Tert.am-ի հետ զրույցում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, թեև միամտություն է համարում, բայց հույս է փայփայում, որ ԱԺ մեծամասնությունն իրեն այլ կերպ կդրսևորի և կողմ չի քվեարկի համաձայնագրին:

 

«Իմ վերաբերմունքն այդ պայմանագրի վերաբերյալ խիստ բացասական է, 100 տոկոսանոց բացասական,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը,– Չեմ ուզում լավատեսությունս կորցնել, ուզում եմ կարծել, որ ԱԺ-ում՝ պետական շահը կգերիշխի կուսակցական և անձնական շահերի նկատմամբ: Հնարավոր է, որ ուզում եմ այդպես մտածել, գիտեմ, որ միամտություն է, և շատ քիչ հավանականություն կա, բայց բոլոր դեպքերում շատ կուզեի, որ այդպես լիներ»։

 

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանն ավելի քան վստահ է, որ ԱԺ մեծամասնությունը դեկտեմբերի 23-ին քվեարկելու է «գազային» այդ «ստորացուցիչ և նվաստացուցիչ» համաձայնագրի օգտին, այնպես, «ինչպես իրենց պարտադրել են իրենց տերերը»:

 

«Բոլորն էլ ստորագրելու են, որովհետև եթե այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, նշանակում է, որ այդպես էլ լինելու է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Գագիկ Գինոսյանն ասաց, որ պայմանագրի կետերից անակնկալի չի եկել, քանի որ ըստ նրա՝ դա պետական այրերի հերթական «ստրկամիտ քայլերից է»:

 

«Կարծում եմ՝ ցանկացած պայմանագրի շուրջ բանակցում են ոչ թե տնտեսապես, ոչ թե այլ հարաբերություններ հաշվի առնելով, այլ հոգեբանորեն ստրկամիտ մտածելակերպով»,– ասաց նա:

 

«Այդ ամեն ինչի հիմքը ռուսական բազայի 49 տարով ներկայությունն էր Հայաստանում, որը ստորագրվեց, հետո ՄՄ, և սա էլ արդեն տրամաբանական շարունակությունն է, հանկարծակի բան չկա: Սրանք մի շղթայի օղակներ են և զարմանալու բան չկա»,-ասաց նա՝ այս շարքում դասելով ռուսերենի հետագա հավանական «հատուկ» կարգավիճակը, «գույք պարտքի դիմաց» ծրագիրը, և այլն:

 

Ազատամարտիկ մտավորականն ամեն դեպքում կարծում է, որ պետք է ընդվզել և չհուսահատվել: «Չգիտեմ, ինչքանո՞վ դա կազդի օրվա իշխանավորների և այդ պայմանագիրը ստորագրողների, առավել ևս այն պատգամավորների վրա, որոնք այդքան էլ ընտրյալներ չեն: Չգիտեմ՝ ու՞մ կողմից են ընտրվել, բայց ազգի ընտրյալ չեն և ուստի միանշանակ անելու են այն, ինչ հրահանգվելու է վերևից՝ և՛ գերտերության կողմից, և՛ ներքին իշխանության կողմից»,– ասաց նա:

 

Ըստ Գագիկ Գինոսյանի՝ այս պարագայում դրական բանի սպասել այդքան էլ խելամիտ չէ: Այլ բան, որ պետք է դաստիարակել անկախության սերունդ այսօրվանից ու դեռ երեկվանից, այսինքն՝ դաստիարակել վաղվա իրական սերունդը, որը գալու է հերքելու այդ բոլոր տեսակի պայմանագրերն ու միջոցառումները։

 

«Եթե Օսմանյան Թուրքիայի պայմաններում հնարավոր է ֆիդայական սերունդ կերտել, հիմա հնարավոր չէ՞: Չեմ կարծում՝ Օսմանյան Թուրքիայից վատ վիճակում ենք, պետք է ուղղակի երկնել ու ծնել Րաֆֆիներ, որոնք «Խենթ»–եր կգրեն, «Սամվել»–ներ կգրեն, պետք է երկնել ու ծնել Հրայր Դժոխքներ, ովքեր երդման արարողակարգ կսահմանեն ֆիդայու համար, պետք է երկնել Գևորգ Չաուշներ, Սերոբներ ու Անդրանիկներ, և հետո՝ որպես այդ ամենի վերջակետ երկնել ու Նժդեհ ծնել, ով այդ ազատամարտի անկախ սերունդն արարելու համար համարժեք գաղափարախոսություն կկերտի»,– ասաց նա:

 

Ազատամարտիկի խոսքով՝ երբեք չի կարելի հիասթափության գիրկն ընկնել և մտածել, որ սա վերջն է, վերջ չկա պայքարին: Ֆիդայական խոսք կա՝ «իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ», այսինքն՝ մեր վախճանը միայն հաղթական կարող է լինել և ոչ ավելին։

 

Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև չի խրախուսում այս համաձայնագրի մեջ եղած պայմանավորվածությունները, բայց հաշվի առնելով Հայաստանի նման երկրի հնարավորությունները, հասկանում է՝ ունենք այն, ինչ ունենք:

 

«Չեմ խրախուսում, այս համաձայնագրում եղած պայմանավորվածությունները, քանի որ ավելի լավ կարող էինք անել, բայց նաև գտնում եմ, որ ուղղակի պետք է մեզ ինքնուրույն մի քիչ պահեինք, արժանապատիվ: Ահա դա է, որ պակասում է մեր փոխհարաբերություններում ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ՝ ընդհանրապես»,– ասաց նա:

 

«Գուցե, եթե արժանապատիվ լինեինք՝ կարելի կլիներ այնպես առևտուր անել, որ մի բան ավելին վերցնեինք, բայց ունեք այն, ինչ ունենք: Դա մի պայմանագիր է, որով գազ է հասնում Հայաստան»,-նշեց բանաստեղծը՝ երկրորդական համարելով այն պայմանները, թե ինչպես եղավ, ինչու մի երկու տարի շարունակ գաղտնի պահվեց գազի գնի թանկացումը, և ինչու այդքան պարտք կուտակվեց։

 

Դավիթ Հովհաննեսը խնդրեց չմոռանալ, որ այս գործարքը «գույք պարտքի դիմաց» ծրագրի կրկնությունն է, որով, ըստ նրա, տալիս ենք մեր ունեցվածքը, որպեսզի ստանանք կենսականորեն անհրաժեշտ առաջնահերթությունները՝ գազ, ռազմական որոշ ապահովություն:

 

«Սա ստիպված պայմանագիր է և ոչ թե խայտառակ, ինչպես ոմանք հայտարարում են: Դժբախտաբար այս ճանապարհը նոր չի, որ մենք բռնել ենք և, երևի թե, այս ճանապարհով դեռ էլի կգնանք, մինչև արժանապատիվ փոխհարաբերություններ: Բայց փաստն այն է, որ մենք Անդրկովկասում ամենաէժան գազն ենք ստանում»,-ասաց նա:

 

Բանաստեղծը խնդրեց իրավիճակը չհամեմատել Ուկրաինայի հետ՝ ի պատասխան դիտարկման, թե մեզ, կարծեք թե, քիչ բան հասավ ՄՄ-ի շրջանակում «առևտրից», իսկ Ուկրաինային լավ խոստումներ տրվեցին:

 

«Ուկրաինայի հետ համեմատվելը հայկական մեծամտական մոլորություններից է: Ուկրաինան Ռուսաստանից հետո երկրորդ խոշորագույն երկիրն է, վիթխարի հնարավորություններով, 45 մլն բնակչությամբ, և Ուկրաինայի հետ կապված ամեն ինչ կարող է Ռուսաստանին կա՛մ պահել, կա՛մ գցել»,– ասաց նա:

 

Ըստ նրա՝ եթե Ուկրաինան ամբողջովին գնաց Եվրոպա, դա նշանակում է ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանին, իսկ եթե Ուկրաինան մնում է ռուսական ազդեցության ուղեծրում, ապա դրա համար պետք է վճարել:

 

«Ուկրաինան իր չափերին, կշռին էլ հարմարվեց, Մայդանում էլ հավաքվեցին. դրա համար էլ ամեն ինչ արվեց: Իմ համոզմամբ՝ Հայաստանն այդքան մեծ նշանակություն չունի էլ ՌԴ-ի համար, ինչպես ոմանք նման մեծամիտ բաներ են ասում, առանց նայելու քարտեզին»,- նշեց նա:

 

Ինչ վերաբերվում է այլընտրանքին՝ իրանական գազը գնելու հնարավորությունը բաց թողնելուն, ապա Դավիթ Հովհաննեսը նշեց, որ իրանական գազի մասին խոսակցություններին լուրջ չպետք է վերաբերվել, քանի որ այդպես էլ հայ-իրանական մի շարք ծրագրեր միայն խոսակցություններ մնացին, և սա ըստ նրա՝ սա ևս հերթական է:

 

«Իրանի դեսպանը իրանական գազի ներկայացուցիչը չէ, որ այդպիսի բաներ ասի, Իրանը միայն խոսքեր ու խոստումներ է տվել, թե պետք եղավ՝ ես ձեզ 100 դոլարով էլ գազ կտամ: Վաղը կամ մյուս օրը այլակրոն և ֆանատիկ Իրանը կարող է շուռ գալ, և մենք կմնանք ծնկաչոք և մոլորված: Իրանական որևէ բանի չեմ հավատում, մինչև հիմա Արաքսի վրա հիդրոկայանը կամ երկաթգիծը միայն խոսակցություններ մնացին»,– ասաց նա:

 

«Իրանը, թերևս, միայն պատուհան է մի փոքր ազատ շնչելու, ինչպես Վրաստանը, սրանք երկուսն էլ մեր ոխերիմ բարեկամներ են, իսկ մենք ունենք նաև ոխերիմ թշնամիներ: Ռուսաստանը նույնպես ոխերիմ բարեկամ է, և տեղն եկած ժամանակ կխեղդի ու կասի՝ 100 մլն դոլար տուր «գույք պարտքի դիմաց», երբ նա կարող է այլ երկրներին 100 մլրդ դոլար պարտքեր ներել: Ոչ մեկ չի նստում մեր գլուխը շոյի»,-եզրափակեց նա: