Գողության մեջ մեղադրվող Դավիթ Աթոյանն ավելի քան 6 ամիս կալանքի տակ մնալուց հետո արդարացվել և ազատ է արձակվել: Դավիթ Աթոյանի պաշտպանը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարինե Խաչատրյանն է:

 

Աթոյանին արդարացնող դատավճիռը կայացրել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Դեռևս 2012թ-ին Դավիթ Աթոյանին մեղադրանք էր առաջադրվել ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու համար: Մեղադրանքի համաձայն' Աթոյանը, 77-ամյա Ռիմա Սահակյանի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, փորձել է պարանոցից պոկել ու հափշտակել ոսկե վզնոցն ու խաչը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում' հանցանքն ավարտին չհասցնելով' դիմել է փախուստի:

 

2012թ-ի սեպտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում Ռիմա Սահակյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում, փոստային բաժանմունք գնալու ճանապարհին, փոստից շուրջ 50 մետր հեռավորության վրա 28-30 տարեկան անծանոթ անձը փորձել է բացահայտ հափշտակել իր պարանոցի ոսկե շղթան, այնուհետև' դիմել փախուստի: Սահակյանը դիմել է փոստում ծառայություն կատարող ոստիկանին, ով շուրջ 15 րոպե անց բերման է ենթարկել իրեն կողոպտողին, ում իսկույն ճանաչել է:
Ոստիկանությունում կազմվել է արձանագրություն, ինչի համաձայն' դեպքի օրը, ժամը 13։30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Դավիթ Աթոյանը: Նույն օրը, ժամը 15։30-ին, Աթոյանը ձերբակալվել է հանցագործության կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, իսկ հաջորդ օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը' երկու ամիս ժամկետով:

 

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և նշել է, որ 2012թ-ի սեպտեմբերի 5-ին, ժամը 11-ի սահմաններում տանից դուրս է եկել, որպեսզի գնա աշխատավայր (Ազատության հրապարակում զբաղվում է հեծանիվների վարձույթի տրամադրմամբ և վերանորոգմամբ)։ Յավորովի անվան դպրոցի կողքի խանութից ծխախոտ գնելուց հետո դուրս է եկել և ցանկացել է նստել իր հեծանիվը, սակայն այդ պահին իրեն են մոտեցել երեք ոստիկան ու ասել, որ իր արտաքին տվյալները համապատասխանում են հանցագործության մեջ կասկածվող անձի տվյալների հետ: Աթոյանին առաջարկել են իրենց հետ գնալ մոտակա փոստային բաժանմունք, որպեսզի իրեն ճանաչեն։ Երիտասարդը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է փոստային բաժանմունք, մուտքի մոտ թողել է իր ուսապարկն ու հեծանիվը և մտել ներս: Փոստում Աթոյանին ներկայացրել են տուժողին, ով, տեսնելով երիտասարդին, ասել է «ինքը չի, չէ ինքը չի»։ Այնուհետև ոստիկանները տղային տարել են Մաշտոցի բաժին, իսկ հեծանիվն ու ուսապարկը մնացել են փոտի դիմաց։
Տուժողը ոստիկանությունում առերեսման ժամանակ պնդել է, որ նրան կողոպտողը եղել է հենց այդ երիտասարդը, ում ճանաչել է սև շապիկից, սափրված չլինելուց և սպորտային կոշիկների վրա գտնվող փայլուն երկաթյա անցքերից, որոնք հանցագործության պահին փայլել են արևի ճառագայթներից: Հաջորդ օրը տեղի է ունեցել ևս մեկ առերեսում, որի ժամանակ ներկա է գտնվել տուժողի դուստրը։ Նա հայտնել է, որ եթե հանցագործը լիներ երիտասարդը, ապա դեպքի վայրից կդիմեր փախուստի և չէր մնա այդ վայրում, առավելևս' այն դեպքում, երբ եղել է հեծանիվով: Իսկ ծանր ուսապարկով չէր կարող հանցագործություն կատարել:
Առերեսման ժամանակ Աթոյանը պահանջել է փոստային բաժանմունքում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները, որպեսզի ապացուցի, որ առաջին առերեսումը տեղի է ունեցել փոստում, որտեղ տիկինն իրեն չի ճանաչել։ Նա նաև պնդել է, որ իրեն ժամը 11։30-ի սահմաններում են տարել ոստիկանության բաժին, սակայն բերման ենթարկելու արձանագրության մեջ նշված է 13:30։ Իսկ անձնական խուզարկության ենթարկելու արձանագրության մեջ նշված չէ, որ իր մոտ չեն հայտնաբերել ոսկե շղթան ու խաչը:
Նախաքննության մարմինը հաստատել է, որ կողոպուտի փորձը տեղի է ունեցել 2012թ-ի սեպտեմբերի 5-ին ժամը 11։30-ի սահմաններում, սակայն հարցաքննության արձանագրության մեջ դեպքի կատարման ժամանակահատվածի վերաբերյալ քննիչի կողմից կատարվել է հետևյալ գրառումը. «2012թ-ի սեպտեմբերի 5-ին ժամը -ի սահմաններում...»: Այսինքն' արձանագրության մեջ ոչ թե նշված չի եղել հանցագործության կոնկրետ ժամանակը, այլ այն եղել է բաց թողնված' հետագայում լրացնելու նպատակով։ Նույն բաց թողումը առկա է նաև կասկյածյալի հարցաքննության արձանագրության մեջ, որտեղ քննիչը, շարադրելով իր հարցը, նշել է. «Նախաքննությամբ Ռիմա Սահակյանը հայտնել է, որ Դուք 2012թ-ի սեպտեմբերի 5-ին ժամը ….։ -ի սահմաններում...»։ Իսկ տուժողի և կասկածյալի առերես հարցաքննության արձանագրության մեջ դեպքի կատարման ժամանակահատվածը նշված է «առավոտյան» արտահայտությամբ:

 

Դատաքննության ժամանակ տուժող Ռիմա Սահակյանը կրկին ցուցմունք է տվել, ինչն ակնհայտորեն տարբերվել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքից: Նախաքննական ցուցմունքում Ռիմա Սահակյանը նշել է, որ դեպքից հետո առաջին առերեսումը տեղի է ունեցել ոստիկանությունում, որտեղ նա վստահեցրել է, որ իրեն կողոպտել է հենց Աթոյանը։ Նշել է նաև, որ չնայած իր տարիքին, ինքը մոռացկոտ չէ, ունի սուր տեսողություն: Դատարանում ցուցմունք են տվել նաև փոստային բաժանմունքի 3 աշխատակիցներն, ովքեր պնդել են, որ տիկինը տառապում է շաքարային դիաբետով և ունի շատ վատ տեսողություն. ինքն է պարբերաբար դժգոհել: Նրանք, ինչպես նաև 4 ոստիկան վստահեցրել են, որ անձի ճանաչում տեղի է ունեցել փոստային բաժանմունքում, որտեղ տիկինն առաջին անգամ տեսնելով երիտասարդին' հստակ չի պատասխանել, որ նա է: Հաստատել է միայն այն ժամանակ, երբ երիտասարդին փոստային բաժանմունքից հանել են դուրս:

 

Դատարանի իրավական վերլուծությունը
Դատարանը, հետազոտելով գործի դատական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները և փաստական տվյալները, գտել է, որ նախաքննական մարմնի կողմից որպես ապացույց ճանաչված զեկուցագիրը չի բովանդակում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել իրականում։ Ավելին' չի հաստատվում ոչ անձի մեղավորությունը քրեական օրենքով արգելված արարքը կատարելու մեջ, ոչ էլ նրա առնչությունը դեպքին։

 

Դատարանը նշել է, որ նախաքննական մարմինը ամբաստանյալի մեղավորությունը հիմնավորող ապացույց է համարում բացառապես տուժողի ցուցմունքը, ինչը անթույլատրելի ու անվստահելի է. Սահակյանի կողմից գործի քննության տարբեր ժամանակահատվածում տված ցուցմունքները, ոչ միայն իրարամերժ են, այլև դատաքննական ցուցմունքները հերքվում են դատաքննությամբ հարցաքննված բոլոր վկաների' այդ թվում նաև ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով: Ստացվում է, որ տուժողը չի հիշում մի իրադարձություն, ինչը բացի մեղադրյալից հաստատում են նաև յոթ այլ անձինք: Հետևաբար' տուժողը չի կարող հիշել այդ իրադարձության մասնակցին ու պնդել, որ նա է հանցագործը:

 

Դատարանը հաստատված է համարել, որ մեղադրյալի և վկաների ցուցմունքները համապատասխանում են իրականությանը։ Նաև գտնում է, որ վկաների հայտնած տեղեկություններով հնարավոր չէ գալ հիմնավոր հետևության, թե Ռիմա Սահակյանը ճանաչել է Դավիթ Աթոյանին' որպես իր նկատմամբ կողոպուտ կատարած անձի: Այսպիսով, ստուգելով ամբաստանյալ Աթոյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները, դատարանը գտել է, որ Աթոյանին վերագրված հանցանքը փաստող ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ ձեռք բերված այլ ապացույցները նույնիսկ հերքում են նրան առաջադրված մեղադրանքը։

 

Դատարանը վճռեց Դավիթ Արայի Աթոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացնել' ապացույցների անբավարարության հիմքով։ Իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա վզնոցը և խաչը թողնել տուժող Ռիմա Սահակյանի տնօրինությանը, իսկ Դավիթ Աթոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը' կալանավորումը, վերացնել և նրան ազատել դատական նիստերի դահլիճում։