Սահմանամերձ շրջանների շուրջ 200 երեխա այսօր նախագահական նստավայրում էր: Նրանց Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա տիկին Ռիտա Սարգսյանը:

 

Երեխաներն այստեղ Ձմեռ պապի ու Ձյունանուշի, ինչպես նաև մի շարք մուլտհերոսների հետ երգում ու պարում էին, արտասանում ու խաղում էին:

 

Սերժ Սարգսյանը շնորհավորելով փոքրիկ հյուրերին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկացավ նրանց հաջողություն ու երջանիկ մանկություն:

 

«Ցանկանում եմ, որ դառնաք մեր երկրի լավ քաղաքացի, ակտիվ քաղաքացի, ցանկանում եմ, որպեսզի դուք կյանքում հաջողված մարդիկ լինեք, իսկ դրա գրավականը առաջին հերթին լավ ուսումն է, աշխատասիրությունն է ու, իհարկե, հարգանքը ծնողների, մեծերի ու երկրի նկատմամբ: Ես վստահ եմ, որ դուք կարողանալու եք այս անհրաժեշտ աշխատանքը իրականացնել, ես միշտ ցանկացել եմ, որպեսզի մեր երեխաները, մեր երիտասարդները ունենան բոլոր հնարավորությունները իրենց դրսևորելու: Ուզում եմ հավաստիացնեմ ձեր ծնողներին ու ուսուցիչներին, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս հնարավորությունը ստեղծենք»,-ասաց նախագահը:

 

Սերժ Սարգսյանը տոնական ցերեկույթին մոտենում էր երեխաներին ու ուսուցիչներին և հետաքրքրվում նրանց որպիսությամբ: Սահմանամերձ Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու հետ նախագահը խոսեց երկար: Tert.am-ի հետ զրույցում ուսուցչուհի Մելանյա Պապյանը նշեց, որ ինքը որևէ նպատակ չի ունեցել նախապես նախագահից որևէ բան խնդրելու, սակայն երբ նախագահը հարցրել է խնդիրներից, նա բարձրացրել է դպրոցի մարզադահլիճի հարցը:

 

«Նախագահն ինքը մոտեցավ ու հարցրեց, թե ինչպես է մեզ մոտ իրավիճակը՝ կրակում են, չեն կրակում: Հետո էլ ասաց, թե ինչ խնդիրներ ունեն: Ես էլ ասացի, որ դպրոցի մարզադահլիճը անմխիթար վիճակում է, եթե վերանորոգեք, երեխաները շնորհակալ կլինեն, նա խոստացավ այդ հարցով զբաղվել»,- ասաց նա:

 

Միջոցառման ավարտին երեխաները Ձմեռ պապից նվերներ ստացան:

 

Նշենք, որ առաջիկա օրերին նախագահը կհյուրընկալի նաև սիրիահայ երեխաներին, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներին, թոռներին՝ այդ թվում նաև Արցախից:

 

Տեղեկացնենք նաև, որ սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել երեկ, այցելել են Հայաստանի պատմության թանգարան, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն ու դիտել ներկայացում: