Լոռու մարզի Դսեղ գյուղի գյուղապետ Նորիկ Քոչարյանի հաշվարկով՝ գյուղում երկու ամսվա ընթացքում 164 գլուխ խոզ է սատկել: Թե որքան է վնասի չափը, Tert.am-ի հետ զրույցում գյուղապետը դժվարացավ ասել, բայց վրդովված պատմեց գյուղացիների հանդեպ պատկան մարմինների վերաբերմունքի մասին. «Մարդիկ Երևանից եկան, գյուղում ղալմաղալ սարքեցին, ասացին՝ ոչ մի հատուցում չի լինելու, փոխանակ գյուղացու հետ խոսեն, մխիթարեն: Մի հատ պատահական մարդ՝ գյուղնախարարության անասնաբուծության վարչությունից ինչ–որ Արմեն Ավագյան էին ուղարկել, դա էլ չթողեց մի գյուղացի խոսի, բոլորի փոխարեն խոսեց ու վեր կացավ, գնաց»:

 

Նրա փոխանցմամբ՝ գյուղում հանձնաժողով են ստեղծել, բոլոր կենդանիները հաշվառել, քանի որ մարդիկ վարկով են գնել խոզերը. «Էդ ամբողջ կռիվն էն էր, որ գյուղացիները խնդրում էին գոնե մի տարով սառեցնել վարկերը, չարեցին, թողեցին, գնացին: Էդ տղան էլ հետո գնացել ու Վանաձորում գլուխը գովացել է, թե՝ տեսա՞ք, գյուղապետին նենց արեցի, մի բառ չկարաց ասի: Ի՞նչ ասեմ, նրա խելքն էլ էդքան ա հասնում»:

 

Դսեղում խոզի անկման վերջին դեպքը երեկ է տեղի ունեցել, այսօր դեռ չեն նկատել: «Հիմա խոզերն են քչացել, թե դադարել է անկումը, ես չեմ կարող ասել»,-ասաց գյուղապետը:

 

Իսկ հիվանդության մասին նա նշեց, որ արյան անալիզ են վերցրել կենդանիներից, հետո պատասխանը եղել է այն, որ սիբիրյան ժանտախտ չկա, անտառային հիվանդություն է, որը խոզերն անտառից են բերել:

 

Պետության կողմից փոխհատուցման սպասող գյուղացիները, ինչպես գյուղապետն ասաց, ամեն օր իր դուռն են ծեծում. «Ես էլ ասում եմ՝ սպասեք, ես հույսս չեմ կորցրել, բայց չեմ էլ կարող ասել՝ երբ կլինի»: