«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերն այս պահին բազմամարդ ցույց են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց:

 

Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։

 

2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։

 

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:

 

Բնակարանատերերից մեկը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ևս մեկ անգամ եկել են Կառավարություն, պահանջում են իրենց բնակարանները, սակայն ներսից որևէ արձագանք դեռ չկա. «Կառավարությունից ոչ ոք չի մոտենում մեզ, մենք դեռ սպասում ենք, որ կգան, սակայն դեռ ոչ ոք չի իջել: Մենք կշարունակենք մեր բողոքի ակցիան, մինչև խնդրին արձագանքեն ու լուծում տան»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Տոնուսի» խաբված բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել նաև Կենտրոնական բանկի դիմաց, քանի որ վերջինս է լիցենզիա տրամադրել «Արցախբանկին»:

 

«Լիցենզիան իրենք են տրամադրել, թող հետևեն բանկի աշխատանքին»,- պնդում էին բողոքի ակցիայի մասնակիցները։

 

Նշենք նաև, որ բնակիչները «Արցախբանկի» հիմնադիրների հետ նախնական հանդիպում էին ունեցել: Հաշվարկից հետո բնակիչներին ասվել է, որ մեկ քառակուսի մետրի համար անհրաժեշտ է վճարել 900 դոլար, որը երկու անգամ գերազանցում է այն պայմաններին, որոնցով բնակիչներն այդ բնակարանները պետք է գնեն:

 

«Անհեթեթություն է դա, նման առաջարկի հետ մենք չենք կարող համաձայնվել»,-ասում էին բնակիչները: