Կառլեն Եսայան բժշկի և մարդու մասին կարելի է անվերջ խոսել: 80-ամյակը բոլորած ծերունազարդ գիտնականը, ով արժանացել է ՀՀ վաստակավոր բժիշկ կոչմանը. Հայրենիքի զարգացման համար ներդրել է ոչ միայն մտավոր, այլ նաև նյութական կարողությունները:

 

Կառլեն Եսայանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, ծառայողի ընտանիքում։ 1951թ. տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետն ու ավարտել 1953թ.։ 1953թ. օգոստոսից մինչև 1954թ. նոյեմբերն աշխատել է նույն շրջանի Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցում' որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։

 

1954-1957թթ. ծառայել է Սովետական բանակում։ 1958թ. փետրվար-օգոստոս ամիսների ընթացքում աշխատել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցում։ 1958թ. օգոստոսին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1964թ.։ Ինստիտուտում սովորելու տարիներին' 1961-1964թթ. ուսման հետ միաժամանակ, ընտրվել և աշխատել է' որպես ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահ։ 1962-1979թթ. եղել է բուժաշխատողների արհմիության կոմիտեի անդամ։ 1964-1976թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության արհմիության կոմիտեի պատասխանատու քարտուղար։

 

1977-2003թթ. աշխատել է Երևանի 8-րդ բուժմիավորումում' որպես գլխավոր բժշկի փորձագիտական գծով տեղակալ, 2003-2004թթ. «Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոնի տնօրենի փորձագիտական գծով տեղակալ: 2004թ. մինչ օրս «Դավիթ Անհաղթ» ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահն է: Պարգևատրվել է Մյասնիկյանի, Սպանդարյանի գործադիր կոմրտեների, Առողջապահության նախարարության և Բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի համատեղ պատվոգրով։ Պարգևատրվել է նաև ՀԱՄԽ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով։ 2007թ. պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտիոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով և ակադեմիկոս (Եվրոպայի ակադեմիայի) Պաուլ Էռլիխի արծաթյա մեդալով։

 

gyux

Կառլեն Եսայանին 2006թ. շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։ 2006թ. ընտրվել է Եվրոպայի Ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ։ ԼՂՀ նախագահի հրամանագրով 2010թ. նա պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ Երկրապահ կամավորականների միության կողմից 2010թ. պարգևատրվել է հուշամեդալով։

 

Karlen Esayan (11)

Karlen Esayan (9)

Karlen Esayan (8)

Karlen Esayan (4)

Karlen Esayan (2)

Վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայան ամուսինները տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ են իրականացնում Հայաստանում, Արցախում: Թեև Կառլեն Եսայանը վաղուց է տեղափոխվել հայրենի գյուղից, սակայն նա մշտապես բարեգործական ծրագրեր է իրականացնում այնտեղ:

 

Karlen Esayan (10)

Սկզբում նա կառուցեց Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում գտնվող իր հայրենի տունը, ուր նա հաճախ է այցելում, այնուհետև կառուցեց Հայրենական պատերազմի և Ղարաբաղյան պատերազմի զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը: 2004-2011թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար 1000 դոլար էր նվիրաբերում' այդպիսով աջակցելով հայրենի գյուղի երիտասարդ ընտանիքներին: Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը:

 

yek

Մեծ Շենում այս ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին' շրջապատված խաչքարերի պուրակով: Կառուցվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը' արձանախմբերով (ֆիդայու, Պըլը Պուղու, և այլն): Կառուցվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, 1932թ. կառուցված դպրոցը' հարակից խաղահրապարակներով, լողավազանով և մարզադաշտով: «Մեր գյուղը շատ դառնություններ է տեսել:

 

xach (1)

Մի քանի անգամ ադրբեջանցիների ձեռքն ընկավ: Ամեն անգամ մտնելով գյուղ' ավերել են: 1992թ. ադրբեջանցիները եկան-մնացին էստեղ 8 ամիս: Իսկ էս խառնաշփոթը, ոգևորությունը, որ տեսնում եք էսօր, երևի հազար տարի էր' նման ուրախություն գյուղացիները չէին ապրել: Մեծշենցի վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բարերարությամբ գյուղի դպրոցը վերանորոգվեց, կառուցեցին խաղահրապարակ, եկեղեցի, գյուղապետարանի շենքն են վերանորոգել, վերմիշելի ու քարի վերամշակման արտադրամաս են բացելու:

 

Գյուղը ոտքի է կանգնել, այն էլ' մի մարդու շնորհիվ»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում դեռևս 2011թ. դպրոցի վերակառուցված շենքի և եկեղեցու բացման արարողության ժամանակ պատմել էր գյուղի բնակիչ Սերգեյը: Ի դեպ, արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազան Մարտիրոսյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և այլ պետական բարձրաստիճան այրեր: «Ընտանիքով որոշել էինք գյուղում եկեղեցի կառուցել' մի բան, որից գյուղացիները զրկված էին 70 և ավելի տարիներ: Նախկինում գյուղն ունեցել էր հինգ եկեղեցի, որոնք չեն պահպանվել: Նոր եկեղեցին կառուցեցինք հին եկեղեցու տեղում:

 

Երբ եկեղեցի կառուցելու համար եկանք գյուղ, գյուղացիները մեզ խնդրեցին դա հետաձգել և կառուցել զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը: Մենք կառուցեցինք և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան գոյամարտի ժամանակ զոհվածների հիշատակի հուշարձանները: Չի կարելի մոռանալ այն դպրոցը, որտեղ ես սովորել եմ և այսօր հասել եմ այսքան հաջողությունների: Եվ որոշեցինք վերանորոգել դպրոցը: Իսկ դպրոցը վերանորոգելուց հետո առաջ եկավ երեխաների համար խաղահրապարակ կառուցելու գաղափարը:

 

yekexecinn

Բացի դրանից, կառուցեցինք քարի և վերմիշելի արտադրամասերը, ինչի արդյունքում ստեղծվեցին աշխատատեղեր»,- այն ժամանակ պատմել էր վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը, ով լուռ հետևում էր արարողությանը և իր համագյուղացիների ոգևորությանը: Դպրոցն անվանակոչվել էր Կ. Եսայանի անունով, որից նա չափազանց հուզվել էր: «Անկեղծ ասած, շատ հուզված եմ: Ես հիվանդ էի, ծանր վիճակում էի, երբ ասացին, որ դպրոցն անվանակոչելու են իմ անվամբ։ Անկեղծ ասած, արտասվեցի, չէի սպասում և երբեք էլ չեմ սպասում, քանի որ երբևէ որևէ գործ չեմ արել, որպեսզի խոսեն իմ մասին: Ես չեմ սիրում, երբ խոսում են իմ մասին: Սիրում եմ միայն աշխատել և գործ անել: Երբ տարիներ առաջ ինձ պարգևատրեցին Նանսենի շքանշանով, ես այդ պահին տանն էի և բնավ տեղյակ չէի այդ մասին: Ես շքանշանների չեմ սպասում, ես պարզապես աշխատում եմ»,- մեր թղթակցի հետ զրույցում ավելացրել էր բժիշկ Եսայանը:

mankapartez

Կ. Եսայանի աջակցությամբ հետագայում կառուցվել և կահավորվել է գյուղի հանդիսությունների սրահը: Եվ, որ չափազանց կարևոր է' գյուղի համար երկու' վերմիշելի և քարի արտադրության արտադրամասեր են կառուցվել, որտեղ աշխատում են գյուղի բնակիչները: Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները: Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվեցին Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները: 2013թ. Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվեց ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին: 2014թ. ավարտին կհասցվի Մարտակերտի շրջկենտրոնի հյուրատունը: Երևանում կառուցվում է և 2014թ. ավարտին կհասցվի Ֆ. Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը:

 

Կողքին կառուցվում է Սբ. Աստվածածին եկեղեցին' շրջապատված խաչքարերով և արձանախմբերով: Նույն տարածքում տեղադրվել է նաև Գրքի հուշարձանը: Ի դեպ, նույն տարածքում նաև փոքրիկ տաճար է կառուցվում: Կառլեն Եսայանն այն քիչ մարդկանցից է, ովքեր մեծ գործեր են անում, սակայն այդ մասին չեն բարձրաձայնում: Նա իր և իր ընտանիքի կողմից արված բարեգործությունների շնորհիվ ստեղծված նախագծերին հետևում է լուռ ուրախությամբ: Նրան ուրախացնում է մարդկանց ոգևորությունը, ապրելու և հայրենի հողում արարելու ցանկությունը: Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ մտածի իր գյուղը, իր քաղաքը, իր միջավայրը վերականգնելու, նոր արժեքներ ստեղծելու մասին: Իսկ դրա համար անհրաժեշտ է պարզապես անսահման սեր' հայրենի գյուղի, երկրի, պետության հանդեպ:

 

 

»

 

Ի դեպ, Հրանտ Մաթևոսյանի այրին՝ Վերժինե Մովսիսյանը, դեկտեմբերի 25-ին բաց նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ, անդրադառնալով անվանի բժշկի կատարած բարեգործություններին, նշել է. 

 

«Գրողի մահվանից անցել է տասնմեկ տարի, իսկ մեկ տարի անց նրա ութսունամյակն է։ Փաստ է այն, որ Մաթևոսյանի մեծության գիտակցման առհավատչյան, բազում մտադրություններից, նախագծերից գեթ մեկը՝ պետական մտահղացմամբ և ծրագրով «Հրանտ Մաթևոսյան» հաստատության կառուցումն ու գործարկումը, տարուց տարի է անցնում սողալով, և տպավորություն ունեմ, որ եթե մենք չհիշեցնենք այդ մասին, այդպես էլ կմոռացվի-կգնա։ Հաստատության կառուցման համար հատկացված առաջին հողակտորի ճակատագրի մասին Ձեզ վերջերս նամակ էի հասցեագրել, փառք Աստծո, ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը քննություն են սկսել հողակտորի և դրան առնչվող անբարեխիղճ հարևան-գործարարի վարքաբանության վերաբերյալ։

 

Սա՝ մի կողմ։ Մաթևոսյան հաստատության կամ մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ արդեն մեկ տարի առաջ մեզ է տրամադրվել այլ, ոչ պակաս բարենպաստ տարածք, ուր հնարավոր է թե շենքի կառուցում, թե մաթևոսյանական միջավայրի հայեցակարգով բնության մի անկյունի ձևավորում… Սակայն մեր հաստատությունը, ինչպես և ութ տարի առաջ, շարունակում է էսքիզա-հատակագծային փուլում մնալ, քանի որ լուծված չէ կառուցումն ապահովելու ամենահիմնական՝ ֆինանսական խնդիրը, և այս բոլոր տարիների ընթացքում հասկանալի է միայն, որ քննարկվում է երկու տարբերակ՝ կառուցման լրիվ պետական ֆինանսավորում, կամ երկրորդը, երբ պետբյուջեից պիտի հատկացվի կառուցման գումարի մի զգալի մասը, ապա հանրության՝ քաղաքացիների, ունևորների, գործարարների շրջանում միջոցներ նվիրաբերելու կոչով հանգանակություն հայտարարվի։

 

Տեղեկացնում եմ, որ հաստատության կառուցման ավետիսն իմանալով, մեզ մինչ այդ անծանոթ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Տեր և Տիկին Եսայաններն առաջինն են զգալի գումար նվիրաբերել «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամին, այնպես որ, հանգանակության իդեան, այո, կարող է աշխատել և արդյունավորվել։ Տեղեկացնում եմ, որ կան էլի քաղաքացիներ, գործարարներ՝ պատրաստ օժանդակելու և հովանավորելու շինարարությունը։ Կամքի և ըմբռնման խնդիր է։ Անհրաժեշտության գիտակցման խնդիր է։ Մշակույթի առկայությունը, նրա որակն է պայմանավորում գաղափարի առկայությունը կամ բացակայությունը որևէ հանրության, ժողովրդի մեջ, որևէ երկրում։ Տնտեսությո՛ւն, ֆինանսնե՛ր, բանա՛կ-այո՛, այո՛, այո՛, բայց առանց գաղափարի՝ չկա այդ ամենի տիրապետում, այսինքն՝ չկա ոչինչ։ Մաթևոսյանի ձևակերպմամբ՝ պռատ մշակույթները պարտվում են, և ռազմական ու տնտեսական հաղթանակներն ու պարտությունները նախ մշակույթի, գաղափարի հաղթանակներ կամ պարտություններ են։ Ուստի, ի վերջո, Մշակույթը որևէ ազգի ու պետության միակ զենքը, կռվանն է։ Հատկապես այսօր։ Առավել ևս «փոքր» ազգի և «փոքր» պետության համար։

 

Ուստի մշակութային քաղաքականությամբ են լուծելի աշխարհի որևէ ծագում, առավել ևս՝ Հայաստանում առկա գաղափարական, գաղափարաբանական, պրակտիկ-քաղաքական բոլոր տապալումները, անհաղթահարելի թվացող ճահճացումները, հանգույցները։ ԵՍ ԵՍ ԵՄ՝ Մաթևոսյանի մեկ այլ պարզ ձևակերպմամբ, բանաձևով, եթե անձը՝ անհատ, տարածքը՝ երկիր լինի, առ ի չիք կդառնա Հյուսի՞ս, թե՞ Հարավ, Արևե՞լք, թե՞ Արևմուտք, եվրոինտեգրո՞ւմ, թե՞ Մաքսային միություն որևէ դատարկ տվայտանք, որովհետև ՀԱՅԱՍՏԱՆԸ կկանգնի այդ ամենի կենտրոնում: Սա Մաթևոսյանի ժառանգորդներիս հավատամքն է։ Ըստ իս՝ Մաթևոսյանի ժառանգությունն ու նրա անձը գերակա շահ են մեր պետության համար»: