ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

 

«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, վերամշակողներին և բոլոր նրանց, ովքեր հողը Հայրենիք են դարձնում, աշխատանքը՝ բարիք, ծրագրերը ՝ երկիրը շեն պահող իրականություն: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է իր հողի ու արմատների հանդեպ նվիրվածությունը վերածել ապրեցնող գործի, մնայուն ազգային արժեքի, իր տանը, օջախին և լեզվին հավատարմորեն ծառայելու երդումի:

 

Անցնող 2013-ը, որ հազվադեպ արդյունավետներից ու բերքառատներից եղավ, այս առումով նաև ձեր ջանքերի ու համառության յուրահատուկ փորձություններից էր; Եղանակային անակնկալներով ու բնության քմահաճույքներով սկսված մեկնարկը չխանգարեց, որ լավագույնս օգտագործելով կառավարության կողմից գյուղում իրականացվող աջակցման ծրագրերի հնարավորությունները, դուք արմատապես փոխեք տարվա հետագա տրամաբանությունը: Ուստի ոլորտի բոլոր ճյուղերն ու բնագավառները 2013-ի եզրագծին հասան առաջընթացի որոշակի ցուցանիշներով; Լուրջ քայլ կատարվեց երկրի գյուղատնտեսության հեռանկարային զարգացման ուղղությամբ; Կայուն նախադրյալներ ստեղծվեցին առաջընթացի շարունակելիության ապահովման համար:

 

Եվ այսօր, ձեր ջանքերի ու վաստակի հանդեպ խորագույն հարգանքով, մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ , երջանկություն, քաջառողջություն: Թող 2014-ը ապահովության, բարեկեցության, խաղաղության տարի լինի ձեր և ձեր հարազատների համար: Առատ, բերքաշատ ու հարուստ տարի եմ ցանկանում բոլորիս»: